Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Ադրբեջանն ունի լիարժեք վերահսկողություն բոլոր կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք կապում են Հայաստանը Արցախին»․ Գեղամ Ստեփանյան

Սեպտեմբեր 28,2022 23:13

«Ադրբեջանը Արցախի բնակչությանը պահում է մշտական վախի մթնոլորտում և ամեն բան անում է մարդկանց ստիպելու իրենց տները լքել, որպեսզի Արցախի տարածքը ստանա առանց հայերի»,- Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված «Արցախ. Ադրբեջանի հարձակումից երկու տարի անց» խորագրով տեսակոնֆերանսի ժամանակ ահազանգեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա վստահեցրեց՝ այսօր Ադրբեջանը շարունակում է իր էթնիկ զտման քաղաքականությունը, և այժմ տեսնում ենք դրա հետևանքները։ Նա թվարկեց այն մեթոդները, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են վախեցնել Արցախի բնակչությանն իրենց նպատակին հասնելու համար։ Առաջինը հրադադարի կանոնավոր խախտումներն են, Արցախի բնակչությանը ահաբեկելը, հոգեբանական ճնշման ենթարկելը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյացությունը։ Նա փաստեց՝ վերջին երկու տարիների ընթացքում Արցախի իշխանությունները արձանագրել են 112 քրեական հանցագործություններ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների նկատմամբ։

Նա շեշտեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախում բնակվող հայերի բնականոն կյանքը խաթարելու համար։ Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ նա ասաց․ «Հիմա ճանապարհի փոփոխությունից հետո, որը հատում է Լաչինի միջանցքը, ենթակառուցվածքային խոցելիությունը սրվել է։ Բոլոր  ենթակառուցվածքները, որոնք Հայաստանը կապում են Արցախին, անցնում են հին ճանապարհով։ Այսօր Ադրբեջանն ունի լիարժեք վերահսկողություն բոլոր կենսական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք կապում են Հայաստանը Արցախին»։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ 2020-ին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային միջազգային համայնքի կողմից համարեք գնահատական չտալը կանաչ  լույս վառեց Ադրբեջանի համար շարունակելու իր քաղաքականությունը։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելու գործոնին՝ Գեղամ Ստեփանյանն ասաց․ «Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում խաղաղության երաշխիքներից մեկն է, բայց այն, ինչ մենք ունեինք այդ երկու տարիներին և այն, ինչ ունենք հիմա Արցախում, իրականում շատ հեռու է խաղաղություն կոչվելուց։ Մենք շարունակում ենք ադրբեջանական կողմից ագրեսիայի նոր ալիքների ենթարկվել»։

Գեղամ Ստեփանյանը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը թույլ չի տալիս միջազգային կազմակերպությունների մուտքն Արցախ․ ամեն ինչ անում է, որ Կարմիր խաչի գրասենյակը փակեն Ստեփանակերտում։  Գեղամ Ստեփանյանը փաստեց՝ իրավիճակը լի է բազմաթիվ անորոշություններով ու նշեց․ «Ամենատարածված հարցը, որն ինձ՝ որպես մարդու իրավունքների պաշտպան տալիս են, այն է, թե ինչ է լինելու մեր ապագան, մարդիկ փորձում են այս հարցի պատասխանը գտնել, որի պատասխանը ես էլ չգիտեմ։ Այո, մենք ապրում ենք շատ բարդ ու անորոշ իրավիճակում, բայց դեռ փորձում ենք մեր կյանքը կազմակերպել Արցախում, որովհետև մենք կարծում ենք, որ մեր ներկայությունն Արցախում պետք է ունենա իր որոշիչ դերակատարությունը հակամարտության վերջնական լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցում։ Առանց հաշվի առնելու այն մարդկանց կամքը, որոնք ամենաշատն են տուժել հակամարտությունից  հնարավոր չէ հասնել երկարատև խաղաղության և հակամարտության լուծման։ Իհարկե, մեզ համար ամենաընդունելի լուծումը շարունակում է լինել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Նույնիսկ այս անորոշ իրավիճակն ավելի ընդունելի է մեզ համար, քան Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ։ Մենք շարունակում ենք ասել, որ մեզ համար կարմիր գիծ է՝ չլինել Ադրբեջանի մաս, և շատ տրամաբանական է մեր կողմից այս մոտեցումը։ Մեր փաստարկն է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որում ամրագրված է, որ հայերը խտրականության են ենթարկվում։ Բնական հարցադրում է առաջանում՝ տրամաբանակա՞ն է արդյոք բնակչությանը, որը խտրականության է ենթարկվում դնել մի երկրի կազմում, որի կողմից իրականացվում է այդ խտրականությունը։ Մենք շարունակում ենք պայքարել Արցախի կարգավիճակի և մեր անկախության համար, քանի որ այն իսկապես կենսական  նշանակություն ունի մեզ համար՝ Արցախի էթնիկ զտումը կանխելու տեսանկյունից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930