Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական փակ հանդիպումը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Վերջիններս խուսափեցին պատասխանել լրագրողների հարցերին, թե մասնավորապես ի՞նչ շրջանակի է վերաբերել հանդիպման առիթը։ Միայն ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանն ասաց, որ փակ հանդիպումը պարբերական բնույթի է եւ անցնում է վստահության մթնոլորտում։ Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը ներածական խոսքում ներկայացրել է իրավիճակը, վերջին նորությունները։
Լրագրողները Խաչատրյանից հետաքրքրվեցին․
-Անվտանգային խնդիրներ այս պահին ունե՞նք։
-Միշտ ունենք, ոչ թե այս պահին։ Դա նորություն չի։ Բայց աշխատանքային քննարկումը չեմ մեկնաբանի։
Կարդացեք նաև
-ՔՊ-ի ներսում Փաշինյանից կա՞ն դժգոհություններ՝ կապված երկրում տիրող իրավիճակի եւ նրա կայացրած որոշումների հետ։
-Խմբակցության բոլոր նիստերում բացարձակ մթնոլորտ է։ Ով ինչ մտածում է, ասում է, հարցնում է։ Չկա կաշկանդվածություն։ Բողոքի նոտաներ չեն լինում, բայց հնչում են իրարամերժ կարծիքներ։ Վարչապետը, որպես կանոն, արձագանքում է բոլոր առաջարկներին, տեսակետ ասում։ Սա ընկերական քննարկում է, որի ժամանակ վճիռներ չեն լինում։
-Առաջին նախագահը կապիտուլյացիայի մասին խոսեց։ Ի՞նչ ցավոտ հարցերի առաջ ենք կանգնել։ Այդ հարցը տվե՞լ եք Նիկոլ Փաշինյանին։ Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ կապիտուլյացիայի առաջ ենք։
-Ես առաջին նախագահի ասածները մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Բայց նա «նոր կապիտուլյացիա» բառը չի օգտագործել։ Չէ, չէ․․․նման բառ չի եղել։ Ըստ էության, այն, ինչ նա ասում էր, ես այսպես հասկացա։ Կապիտուլյացիա բառից պետք չի կառչել։ Նա ուզում է ասել, որ մենք կրել ենք պարտություն, եւ ելնելով այդ վիճակից, որը կապիտուլյացիա են անվանում, իսկ ես այդպես չեմ գտնում, մենք պետք է խուսափենք հաջորդ անհաջողություններից, որովհետեւ անհաջողությունների վտանգը դեռ սպառնում է ՀՀ-ին։ Տեր-Պետրոսյանն ասում է, որ ճիշտ կլինի հիմա փաստաթուղթ ստորագրել, որն ինչ-որ առումով երաշխավորում է, որ նոր անհաջողություններ չեն լինի։ Ասում է, որ լավ կլինի, եթե ՀՀ նախորդ ղեկավարներն աջակցեն վարչապետին, կիսեն այդ փաստաթուղթը ստորագրելու պատասխանատվությունը։ Ես ավել չեմ ուզում մեկնաբանել իր ասածները։ Սա է ասել։ Մնացածը ճաշակի հարց է, թե ինչպես է ընկալվել։
-Ձեր այդ անհանգստությունը ներկայացրե՞լ եք Նիկոլ Փաշինյանին։ Հարցրե՞լ եք, թե այդ ինչ ցավոտ լուծումների մասին է խոսքը։
-Այնպես չի, որ խմբակցության հետ հանդիպելիս է բացահայտվում, թե երկիրն ինչ վիճակում է։ Սա հանդիպում է, որտեղ որոշումներ չեն կայացվում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ