Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի օրենքով գողերի դատավարությունից․ ամբաստանյալներից մեկն ազատ արձակվեց՝ գրավադրելով երկհարկանի խանութը

Սեպտեմբեր 28,2022 21:35

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քրեական ենթամշակույթ ունեցող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Ամբաստանյալները թվով 8-ն են, դատավորը  Ռոման Սմբատյանն է։

Այսօր դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Էդմոն Գրիգորյանին՝ 60 միլիոն դրամ անշարժ գույքի գրավադրմամբ։ Գրավադրվել է Գյումրու Շահումյան փողոցի վրա գտվող  նրա երկհարկանի խանութը։

Դատարանը որոշել է 50 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել  նաև Վահան Տեր-Պողոսյանին։

Այս երկու անձինք մեղադրվում են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու մեջ։

Դատավարությունը տևել է մոտ 4 ժամ,  դատարանն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ չի հասցրել քննարկել  դատվող օրենքով գող Սուրեն Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք,որ դատվողներից երկուսը օրենքով գողեր են։ Մեկը Սուրեն Ավետիսյանն է,, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝«Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։

Ըստ քրգործի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։ Նա հստակ դերաբաշխում է կատարել, քրգործով անցնող անձինք կատարել են նրա հանձնարարականները։

Ավելի վաղ դատարանն ազատ էր արձակել ևս երկու ամբաստանյալի․ նրանցից մեկը Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարարներից մեկն է՝ Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն» և նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը։

Ռաֆիկ Իգիթյանը քրգործում բնութագրվում է որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ի հավաքագրած գումարների շարժի «հաշվապահությունը վարող»։  Նրան ևս ձերբակալել էին, դատարանը, սակայն, կալանքի փոխարեն նրան գրավով ազատ էր արձակել։

Դատարանը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել նաև նրա որդուն՝ Աշոտ Իգիթյանին։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։

Ըստ հարուցված քրգործի, 4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանի (գործարար Իգիթի Ռոյին) և Ցոլակ Գևորգյանին։ Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։

Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։

Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։

Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին:

Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։ Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին։

«Քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ՝ Ռաֆիկ Իգիթյանի բնակարանի նկուղում քողարկված և թաքստոցի մեջ պահված չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է 180.000 ԱՄՆ դոլար, Կարեն Վարոսյանի բնակարանից՝ «Բերետա» տեսակի ատրճանակ և 8 փամփուշտ, իսկ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակարանից՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված», – նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930