Արդեն երրորդ տարին է, ինչ Երևանը միանում է Եվրոպական Միության հայտարարած Կայուն էներգիայի շաբաթվա օրերին: Նախաձեռնության շրջանակում անցկացվել է «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով երկօրյա ուսուցողական միջոցառում, որն իր շուրջն է համախմբել երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտի:
«Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման մեկնարկը տրվել է Երևանի Մ․ Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցից: Առաջին օրը աշակերտներին է փոխանցվել կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, էներգետիկ աուդիտ իրականացնելու վերաբերյալ տեսական գիտելիքներ, անցկացվել կլիմայի փոփոխության վերաբերյալ բլից-հարցում, «Կանաչ այլկերպ» խաղ:
***
Ամենաբարձր միավորներ հավաքած հինգ խմբի աշակերտներին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել է քաղաքապետի առաջին տեղակալը:
Կարդացեք նաև
Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ Լևոն Հովհաննիսյանն առանձնակի կարևորել է աշակերտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված նմանօրինակ միջոցառումների անցկացումը.
«Կարևորելով շրջակա միջավայրի դերը մեր բոլորի կյանքում, ինչպես նաև ներկայում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների դեմ պայքարը՝ կարծում եմ, որ շատ կարևոր է միջոցառման իրականացումը հենց դպրոցահասակ երեխաների շրջանում։ Վստահ եմ, որ միջոցառումը ձեզ փոխանցել է էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ, ինչպես նաև էներգետիկ ուսումնասիրության իրականացման արդի հմտություններ»։
Հանդիպման շրջանակում աշակերտները շնորհանդեսի միջոցով գնահատող հանձնաժողովին են ներկայացրել իրենց կատարած աուդիտի արդյունքները, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված լուծումները, որոնց իրականացման դեպքում կկրճատվի դպրոցի էներգածախսը:
***
Քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված միջոցառման շրջանակում հաղթող թիմին հավաստագիրն ու մրցանակները հանձնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երկրորդ փուլը հաղթահարած աշակերտներին տրվել են մասնակցության վկայականներ ու էկոնվերներ, իսկ ֆիզիկայի ուսուցիչներին՝ շնորհակալագրեր:
Ողջույնի խոսքում քաղաքապետ Սարգսյանը ներկայացրել է համայնքի նախաձեռնած բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը:
«Նմանատիպ միջոցառումները միտված են նրան, որ մարդիկ ներդաշնակ լինեն բնությանն ու պահպանելով այն՝ խնամված փոխանցեն սերունդներին: Կյանքի իմաստը այդ շարունակելիությունն է, և վստահ եմ, որ դուք էլ էներգախնայողության ու էներգաարդյունավետության վերաբերյալ առաջարկած ձեր լուծումներով ապագայում ներդրում կունենաք երկիր մոլորակի վրա առաջացող բնապահպանական խնդիրների հաղթահարմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն