Կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, կհանձնվեն Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերի մանդատները։
10 մանդատ կտրվի «Ազգ֊համայնք» դաշինքին, որը գլխավորում է 18 տարվա ՀՀԿ֊ական համայնքապետ Արտակ Գևորգյանը։ 8 մանդատ կհանձնվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը գլխավորում է «Հայ փոստի» տեղի պատասխանատու Արման Սարիբեկյանը և 3 մանդատ կտրվի նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությանը։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը։
Մանդատների հանձնումից հետո պիտի ձևավորվի իշխանություն, սակայն Անիում դեռ խորհրդավոր լռություն է․ ստացվել է այնպես, որ հաղթանակած թեկնածուն՝ տվյալ դեպքում Արտակ Գևորգյանը, հայտնվել է ոչ շահեկան վիճակում։ Վերջինս 48-49 տոկոս հավաքելով՝ չի կարող գործել այնպես, ինչպես կցանկանա։
Քաղաքական ուժերից և ոչ մեկը ձայների կեսից ավելին չի հավաքել, հետևաբար և ստիպված են կոալիցիոն իշխանություն ձևավորելու։
Կարդացեք նաև
Կձևավորվի՞ իշխանություն 20 օրվա ընթացքում, թե՞ համայնքապետի ժ/պ կնշանակեն ու 6 ամիս անց նոր ընտրություններ կնշանակեն, շուտով հայտնի կդառնա։
Մեզ առայժմ տեղեկություններ են հասնում, որ երեք մանդատ ստացած «Հայկական երազանքի» թեկնածու Ագուն Սաղաթելյանի որոշումն անփոփոխ է, այն է՝ իրենք որևէ թիմի միանալու նախաձեռնությամբ հանդես չեն գալու, իսկ եթե որևէ թիմ իրենց է միանալու, ապա համայնքապետի պաշտոնում տեսնելու է Ագուն Սաղաթելյանին։
ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի և ՔՊ-ական Արման Սարիբեկյանի գլխավորած քաղաքական ուժերի միջև կոալիցիա կազմելը մեր աղբյուրները բացառում են, թեև այս մասին ՔՊ-ի կողմից նաև հայտարարություն է հնչել, հետևաբար և Անիում իշխանության ձևավորել-չձևավորելը կախված է երրորդ ուժից, որ դիրքորոշումն առայժմ անփոփոխ է։
Ի դեպ, կոալիցիա կազմելու թեմայի շուրջ թեկնածուների հետ մեր զրույցներն առայժմ չեն ստացվում, որը մեկ անգամ ևս վկայում է անորոշ վիճակի մասին։
Ի դեպ, երեկ երեք ընտրատեղամասերում՝ Իսահակյան գյուղում տեղակայված թիվ 33/13֊ում, Բագրավան գյուղում գտնվող թիվ 33/18֊ում և Անի կայարան բնակավայրում տեղակայված թիվ 33/19 վերահաշվարկ է կատարվել, որևէ խախտում չի հայտնաբերվել։
Այս մասին մենք տեղեկացանք թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանից։ Վերահաշվարկը կատարվել է հանձնաժողովի նախաձեռնությամբ, թեկնածուներից որևէ մեկի կողմից բողոք չի եղել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ