Ընդդիմության ներսում տարաձայնություններ կան, չե՞ն ցանկանում փոխել մարտավարությունը, հեռանալ ասպարեզից կամ միասնաբար հանդես գալ եւ ինչո՞ւ չի առաջարկվում մեկ միասնական լիդեր, որպեսզի մարդիկ իմանան ո՞ւմ հետեւից են գնում. այսօր կայացած մամուլի ասուլիսում, լրագրողներից մեկի այս հարցին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Դուք իրո՞ք մտածում եք, թե հնարավոր է տարբեր քաղաքական միավորների միավորել այնպես, որ ներքին հակասություններ չլինեն, սա ուղղակի անհնար բան է: Դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել, եւ «Դիմադրության» շարժման ժամանակ այո, միասին ձեռք-ձեռքի տված աշխատել են, բայց դա չի նշանակում, որ իրենց մեջ տարաձայնություններն իսպառ բացակայում են: Ուղղակի պետք է հասկանալ, որ այն, ինչ պահանջներ դուք դնում եք, իրականացվող պահանջ չէ, բայց այո, հիմնական նպատակի համար հնարավոր է միասին լինել, հնարավոր է պայքարել:
Հիմա ասում եք՝ ես եւ 3-րդ նախագահը ինչո՞ւ միասին մեկ հարթակում չենք կանգնել, որ միանգամից էլի հին-նոր, ղարաբաղցի-հայաստանցի թեման մեջտեղ բերե՞նք, ինչի՞ համար: Վերջը մենք գիտենք, որ այդ թեման ամենից խոցելի թեմաներից է եղել՝ մեր դեմ, ընդդիմության դեմ ուղղված:
Այնպես է ստացվել, որ այո, 2-րդ եւ 3-րդ նախագահները ղարաբաղցի են, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձեւավորման հիմքում էինք կանգնած, մեր հետ է կապված նաև Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակները, մեր անունների հետ: Հիմա մի կողմից մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, Ղարաբաղով, հին ու նոր բաժանող թեզն են կիրառում, իսկ դուք առաջարկում եք, որ մենք այդ թեզի կիրառման համար պատկեր տա՞նք»:
Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց՝ Սերժ Սարգսյանի հետ ամեն օր չեն հանդիպում, ծնունդ-կնունք-հարսանիքների չեն մասնակցում, բայց միմյանց հետ խնդիր չունեն:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ