Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է 2024 թ. քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հնարավորությունը

Սեպտեմբեր 28,2022 18:15

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի:

Հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը:
Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Գառնիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերին Մոսկվայում կայանալիք համաշխարհային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ: Մինչ այդ՝ Ռիշատ Սայապովը հայկական կողմի հրավերով ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի ենթակառուցվածքներին: Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու դեպքում նախատեսվում է շուրջ 160 երկրի մասնակցություն:

«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում քիք-բոքսինգը մեծ զարգացում է ապրել: Կատարվում են մեծ աշխատանքներ՝ մարզիկների որակների բարձրացման, մարզադպրոցների կառուցման և երեխաների մարզումների բարելավման ուղղությամբ: Վստահ եմ, որ մեծ հաղթանակներն առջևում են, կարևորը՝ քայլ առ քայլ գնում եք դեպի այդ նպատակը»,- նշել է Ռիշատ Սայապովը:

Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ քիք-բոքսինգը շուտով կընդգրկվի օլիմպիական մարզաձևերի շարքում, և դրանից հետո քննարկումներն ավելի առարկայական կլինեն: Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիան ևս քայլեր է կատարում այդ ուղղությամբ։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քիք-բոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիային (WAKO) ներառել է որպես մարզաձևի միակ ներկայացուցիչը ՄՕԿ-ում, որն էլ իր հերթին այդ կառույցի շուրջ է միավորում տեղական ազգային ֆեդերացիաներին, ինչպես, օրինակ, Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիային։

Նախատեսվում է WAKO-ի ու ՄՕԿ-ի համագործակցության խորացում, որը վերջնարդյունքում կենթադրի քիք-բոքսինգի ներառում օլիմպիական մարզաձևերի շարքում։

Նշենք, որ 2023 թվականին Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան կընդգրկվի պետական ֆինանսավորման ծրագրում:
«Այս տարիների ընթացքում մեր ֆեդերացիան բացել է բավական մեծ թվով դպրոցներ, մասնակցել է միջազգային բազմաթիվ առաջնությունների և ունեցել բազում հաջողություններ: Ուրախ եմ, որ այս ամենն արժանանում է պետության գնահատականին»,- հանդիպման ընթացքում ասել է Գառնիկ Հայրապետյանը` կարևորելով պետական աջակցությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930