Սույն թվականի սեպտեմբերի 27-ից 30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է միջազգային գիտաժողով՝ նվիրված գիտության ականավոր կազմակերպիչ, ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյանի ծննդյան 100-ամյակին՝ «Գերբարձր հաճախային ու տերահերցային տեխնոլոգիաներ և օպտոէլեկտրոնիկա» թեմայով:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից, Գերմանիայից, Բելառուսից, Ճապոնիայից, Ավստրալիայից, ովքեր ներկայացրել են շուրջ 50 գիտական զեկույցներ:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց Էմիլ Միրզաբեկյանի կյանքն ու անցած գիտական ուղին:
Կարդացեք նաև
Էմիլ Միրզաբեկյանը ծնվել է 1922 թվականին՝ դեկտեմբերի 12-ին, Երևանում, վաստակավոր բժիշկների ընտանիքում: Նա մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, ստացել է ծանր վիրավորում: Արիության ու սխրագործությունների համար պարգևատրվել է Կարմիր աստղ և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճան շքանշաններով: Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: Իսկ 1950 թվականին աշխատանքի է անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: Իր մասնագիտացումն Էմիլ Միրզաբեկյանը ստացել է ԽՍՀՄ ԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում՝ հայտնի գիտնական Սեմյոն Խայկինի ղեկավարմամբ: Այդ տարիներին կատարած ուսումնասիրությունների շնորհիվ Էմիլ Միրզաբեկյանը ստեղծում է բևեռացված ռադիոճառագայթման բնութագծերի չափումների ռադիոմետրիկ ընդունիչ համակարգ: Ստեղծված սարքի օգնությամբ առաջին անգամ իրականացվում է արեգակի ռադիոճառագայթման բևեռացված բաղադրիչի չափումը: 1955 թվականին նա վերադառնում է Երևան և աշխատանքի անցնում Բյուրականի աստղադիտարանում:
1960 թվականին ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի և Էմիլ Միրզաբեկյանի նախաձեռնությամբ հիմնվում է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, որի տնօրենը մինչև իր կյանքի վերջը եղել է Միրզաբեկյանը: Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ ինստիտուտում մշակվել և ստեղծվել են ռադիոալեհավաքների բնութագրերի հետազոտման ռադիոաստղագիտական մեթոդներ և համապատասխան սարքավորումներ: Ստեղծված գերբարձր հաճախականության ընդունիչ համակարգերը գործնական լայն կիրառություն են գտել տարբեր բնագավառներում: Նրա օրոք Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը դարձել էր ԽՍՀՄ առաջատար կազմակերպություններից մեկը, որը 1960 թվականից սկսած կատարել է կարևոր աշխատանքներ՝ ապահովելով տիեզերքի ուսումնասիրության և պաշտպանության խնդիրների լուծման համար օգտագործվող հեռավոր հաղորդակցության բոլոր ալեհավաքային համալիրների ճշգրիտ աշխատանքը: Համախմբելով տաղանդավոր երիտասարդ գիտնականների՝ Միրզաբեկյանը հիմնել է գերբարձր հաճախականությունների ռադիոֆիզիկայի գիտական դպրոցը:
Էմիլ Միրզաբեկյանը մեծ ներդրում է ունեցել արեգակի ռադիոճառագայթման վերաբերյալ գիտական արդյունքների ստացման գործում: Մյուս ուղղությունը կապված է գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ճշգրիտ փուլաչափման ուսումնասիրման և կիրառման հետ: Նրա կողմից առաջարկված փուլերի տարբերության և նրանց փոքր փոփոխությունների նոր մեթոդը հնարավորություն տվեց ստեղծել բևեռաչափային ինտերֆերենցիոն սարքերի նոր դաս ռադիոլոկացիայում օգտագործման համար:
«Ակադեմիկոս Միրզաբեկյանի կողմից դրված գիտական ուղղությունները հաջողությամբ շարունակվել են իր աշակերտների ջանքերով: Իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր տիեզերական հետազոտությունների տարբեր ծրագրերում, մասնավորապես, «Պրիրոդա», «Վեգա», «Օկեան», «Մետեոր», «Միր»: Այսօր էլ նրա հոգեզավակ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հստակ զարգացումն Էմիլ Միրզաբեկյանի լավագույն հիշատակն է», – նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
1971 թվականին Էմիլ Միրզաբեկյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, 1974 թվականին՝ ակադեմիկոս: Նույն տարում նրան շնորհվել է ՀԽՍՀ Գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում: 1974-1976 թվականներին նա ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն էր, ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ, 1976 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ: Երկարատև բեղմնավոր աշխատանքի համար նա պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին