Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի առաջին ատյանի դատարանի փոխարեն նախատեսվում է ձևավորել քրեական և քաղաքացիական դատարաններ

Սեպտեմբեր 28,2022 17:47

Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն ձևավորել երկու նոր դատարաններ՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել առաջին հերթին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ, ինչն էականորեն խոչընդոտում է այս դատարանում աշխատանքների արդյունավետ կազմակերպումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, լինելով Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարաններից մեկը, Դատական օրենսգրքի համաձայն՝ պետք է գործի առնվազն 62 դատավոր թվակազմով, որում առանձնացված են քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները: Այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարում են 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 39-ը:

Ներկայացվածից ակնհայտ է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ:

Թե՛ կադրային և թե՛ քննվող գործերի ծանրաբեռնվածության պայմաններում գրեթե դժվարանում, իսկ երբեմն նաև անհնար է դառնում դատարանի բնականոն գործունեության կազմակերպումն ու ապահովումը, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում անձանց դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովման վրա:

Մյուս կողմից, Նախագծով նախատեսվում է դատարանի նախագահին գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն վերապահել, ինչի համատեքստում ևս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թվակազմը և քննվող գործերի մեծ ծավալը խոչընդոտելու են այդ լիազորության արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով նաև դատավորների ու նախագահի մասնագիտացվածության տարբերությունը:

Վերոնշվածի համատեքստում հարկ է կարևորել, որ դատարանների մասնագիտացումը սովորաբար դիտվում է որպես բարեփոխումների կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է հաջող դատական համակարգի զարգացմանը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930