Ի՞նչ եք անում դուք եւ ձեր քաղաքական ուժը՝ համախմբման համար եւ ի՞նչ կոնկրետ լուծումներ եք առաջարկում՝ կապիտուլյացիայից խուսափելու համար. այս հարցն այսօր լրագրողներից մեկը տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Նա նկատեց՝ ճգնաժամից ելքերն առաջարկում է եւ քայլեր է անում իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը: Ընդդիմությունը կարող է իշխանափոխության հարց դնել, եթե ուժերը բավարարում են՝ հասնել իշխանափոխության եւ հետո հաղթահարել առկա ճգնաժամը. «Նա եմ առաջարկում, ինչ առաջարկել ենք՝ կոնսոլիդացիա, հանրային կոնսոլիդացիա, բայց ոչ թե կապիտուլյացիայի համար: Այդպիսի կոնսոլիդացիայի կարիք չկա, իսկ եթե դրա կարիքն ունի իշխանությունը, ո՞ւր է այդ նախաձեռնությունը, ինչո՞վ է դա արտահայտվել: Խոսում ենք ինչ-որ կոնսոլիդացիայի մասին, իսկ որտեղի՞ց եք որոշել, որ իշխանությունը այդպիսի կոնսոլիդացիայի կարիք ունի, չունի, որովհետեւ ինքը պատրաստ չի բարձր նպատակների համար միավորել ժողովրդին, հակառակը… Մենք ՝ ընդդիմությունը փորձել է հասնել իշխանափոխության՝ «Ազգային փրկության շարժում», «Դիմադրության» շարժում, ես պատրաստ եմ եղել ստանձնելու պատասխանատվությունը եւ ասեմ՝ այսօր իշխանության գալը ավելի շատ պատիժ է եւ առաքելություն: Պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը: Ես համաձայն եմ տվյալ դեպքում առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր: Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այո’ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը եւ պայքարով նոր դռներ բացել: Սա է տարբերությունը:
Ես փորձել եմ գալ իշխանության, գլխավորել եմ «Հայաստան» դաշինքի ցուցակը, չի ստացվել, ուրեմն դեռ այս ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը իշխանության վրա է, իրենք չեն առաջարկել պայքարի բանաձեւ, որը կարող է մեզ ոգեւորել եւ քննարկման առարկա դառնալ մեր շրջանակներում, իսկ միավորվել երկիրը հանձնելու համար, կամ հերթական կապիտուլյացիա ստորագրելու համար, կարիք չկա»:
Պատասխանելով մասնակի իշխանափոխության մասին վերաբերվող հարցին էլ, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ դա ևս պետք է լինի հանրային հսկայական ճնշման արդյունքում, ինչը կնշանակի, որ մենք գիտակցում ենք՝ պետք է բանակցողի փոփոխություն եւ պետք է գա մի մարդ, որն ընդունակ է հանրային համախմբման:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ