Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրոնական գործիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը էլ ավելի է սրում կոնֆլիկտները»․ համալսարանի դոցենտ

Սեպտեմբեր 28,2022 17:30

Աշխարհը թևակոխել է այնպիսի մի փուլ, որտեղ գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է վերադասավորվել հնարավորինս շահեկան դիրքում։ Միջազգային հարաբերություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաեւ կրոնական ինստիտուտները: Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում քննարկվեց պետությունների քաղաքական և սոցիալական օրակարգի ձևավորման վրա կրոնի ազդեցության թեման:

Տատյանա Լևչենկո

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տատյանա Լևչենկոն նշեց, որ աշխարհաքաղաքական եւ իրավական առումներով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել․ «Ավանդաբար մենք ընդունում ենք, որ միջազգային իրավունքի սուբյեկտներ են համարվում պետությունը եւ միջպետական կառույցները։ Սակայն այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ոչ պետական կառույցները եւս սկսել են լուրջ ազդեցություն ունենալ քաղաքականության, միջազգային փաստաթղթերի ընդունման վրա»։

Նրա խոսքով, մի ժամանակ կրոնական կազմակերպությունները զբաղված էին զուտ իրենց ազատությունների հարցերով՝ կրոնի, խղճի ազատություն եւ այլն, սակայն այսօրվա նոր իրողությունների պարագայում նրանք հավակնությություններ են ցուցաբերում իրենց տեսակետը հայտնելու անգամ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի, մասնավորապես իսլամական երկրներում՝ կանանց իրավունքների վերաբերյալ։ Այս համատեքստում նա անդրադարձավ նաեւ կրոնապետություններին, օրինակ` հիշեցրեց, որ Սաուդյան Արաբիայում թագավորը համարվում է թագավորության բոլոր մուսուլմանների իմամը, հետեւաբար երկրի ամբողջ քաղաքականությունը համապատասխանեցվում է Իսլամի եւ Շարիաթի օրենքներին։ Լեւչենկոն հավելեց, որ Վատիկանն էլ իր յուրահատուկ դերակատարությունն ու օրակարգն ունի ՄԱԿ-ում։

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ, գիտական աշխատանքի գծով դեկանի տեղակալ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Անաստասիա Պոնամարյովան անդրադարձավ սերբական ուղղափառ ու մակեդոնական եկեղեցիների միջեւ հարաբերություններին՝ տարածքային եւ քաղաքական անցուդարձի համատեքստում։

Լիդա Հովհաննիսյան

«Պատժամիջոցներն այսօր համարվում են արտաքին քաղաքականության առանցքային գործիքներից մեկը եւ գլխավոր դերակատարություն ունեն արտաքին քաղաքականության արսենալում»,-ասաց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Լիդա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ մի քանի երկրների սահմանած պատժամիջոցներին։ «ԵՄ-ում առաջարկվել էր քննարկվել Ռուս պատրիարքության վերաբերյալ միակողմանի սահմանափակումների հարցը, ընդ որում՝ ի սկզբանե ազդակները գնացել են ոչ կառավարական կազմակերպություններից։ Հոգեւոր հայրերը կարծում են, որ պետք է պատժամիջոցներ կիրառել այն անձանց ու կառույցների հանդեպ, որոնք աջակցում են ՌԴ հատուկ օպերացիային։ Եվ ահա Կիրիլ պատրիարքի դեմ սահմանափակումների գաղափարը աջակցություն էր ստացել ԵՄ-ում, եւ միայն վերջին պահին Հունգարիայի դիրքորոշման արդյունքում է դա բացառվել, ու պատժամիջոցների ցուցակից հանվել է Կիրիլ Պատրիարքի անունը»,-հավելեց նա։ Լիդա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, կրոնական գործիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը էլ ավելի է սրում կոնֆլիկտները։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930