Ս.թ. սեպտեմբերի 27-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (SFRC) նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի)՝ SFRC անդամ սենատոր Մարկո Ռուբիոյի (Հանրապետական, Ֆլորիդա) հետ միասին, ներկայացրեց մի երկկուսակցական բանաձև, որով կոչ է արվում դադարեցնել անվտանգության աջակցությունը Ալիևի ռեժիմին և դատապարտվում է ադրբեջանական զինուժի անօրինական և առանց դրդապատճառի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Համագումարը ողջունում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզին իր SFRC գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ երկկուսակցական օրինագիծն առաջնորդելու համար, որով դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան և կոչ է արվում կիրառել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին այս օրինագիծը խստորեն արձագանքում է այս ամսվա սկզբին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա վերսկսված հարձակումներին»։
Բանաձևում 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի անօրինական ներխուժումը Հայաստան նշվում է որպես՝ «Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աղաղակող խախտում և միջազգային իրավունքի ոտնահարում», ինչը հանգեցրեց 200-ից ավելի հայերի զոհվելվուն կամ անհետ կորելուն, ինչպես նաև՝ մոտ 3000 խաղաղ բնակիչների տեղահանման և հավելյալ 23 հայերի անօրինական ձերբակալման։ Սենատորները հայտարարեցին, որ «Ադրբեջանի վերջին հարձակումը Հայաստանի տարածքի և հայ ժողովրդի վրա հետևում է ագրեսիայի երկարատև օրինաչափության՝ ներառյալ 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժի հարձակումը սանձազերծեց մի հակամարտություն, որի հետևանքով զոհվեցին ավելի քան 6500 հոգի և տեղահանվեցին գրեթե 100.000 էթնիկ հայեր», և բացի այդ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել 2020թ.-ի աշնան արցախյան պատերազմի ժամանակ գերեվարված ավելի քան 100 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։
Ընդգծելով ԱՄՆ կառավարության Հաշվետվողականության գրասենյակի զեկույցը, որը հանրայնորեն հրապարակվեց ավելի վաղ այս տարի, հատուկ շեշտադրվեց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կիրարկման կարևորությունը: 907 Բանաձևն արգելում է ԱՄՆ-ի աջակցության տրամադրումն Ադրբեջանին «մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:
Կարդացեք նաև
Բացի այդ, բանաձևով կոչ է արվում նախագահ Բայդենին պաշտոնական որոշում կայացնել այն մասին, թե արդյոք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատժամիջոցների՝ Մագնիտսկու գլոբալ մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի համաձայն:
Բանաձևով նաև կոչ է արվում «մարդասիրական աջակցության լուրջ հատկացում Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից տուժած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»:
«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի արհամարհման սարսափելի դրսևորում է»,– ասաց հանձնաժողովի նախագահ Մենենդեզը: «Մինչ տարածաշրջանի համայնքները, ներառյալ՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Վարդենիսում և Ճակատենում տառապում են Ալիևի ռեժիմից, Միացյալ Նահանգները պետք է մեր աջակցության խոսքերը համապատասխանեցնի Հայաստանի ժողովրդի օգտին ուղղված լուրջ գործողություններին: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է՝ ճիշտ գործել և ամբողջությամբ դադարեցնել անվտանգության աջակցությունն Ադրբեջանին»:
Այսօրվա քայլը հետևում է H.Res.1351 բանաձևին, որն առաջնորդում է կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), և որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառի ռազմական հարձակումները Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա և կոչ է արվում դադարեցնել ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին:
Ամերիկայի հայկական համագումար