Սեպտեմբերի 26-ին Վայոց ձորի թեմական «Սիրանույշ» ճամբարում հյուրընկալել են Ջերմուկի տուժած բնակավայրերի 13-17 տարեկան շուրջ 80 դպրոցական երեխաների:
Առաջին օրը դպրոցականների հետ հանդիպել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Հյուրերը դպրոցականների հետ կիսվել են իրենց մտքերով, հույզերով ու զգացողություններով: Հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմի հետևանքով մարզում և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին, զրույցի ընթացքում կարևորելով արտակարգ իրավիճակներում արագ գործելու և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները:
Դպրոցականներին խորհուրդ է տրվել մասնակցել աղետների պատրաստվածության տարբեր դասընթացների՝ արտակարգ իրավիճակներում գործելու վարքի կանոնների իմացության բարձրացման նպատակով:
Կարդացեք նաև
Դպրոցականները հյուրերին են ուղղել իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են արտակարգ իրավիճակներում բնակչության, առանձնապես դպրոցահասակ երեխաների պաշտպանության ապահովման խնդիրներին և բնակավայրերում առկա ապաստարանների քանակին և պայմաններին:
Դպրոցականները մինչև ուրբաթ հյուրընկալվելու են ճամբարում, ուր նրանց համար ստեղծվել են ակտիվ ժամանցի կազմակերպման, հոգեբանական աջակցություն ստանալու, ինչպես նաև հեռավար դասերին մասնակցելու պայմաններ:
Վայոց ձորի մարզպետարան