Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ից դուրս գալը կլիներ եւս մեկ հիմարություն. Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբեր 28,2022 16:43

«Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը: Մենք պետք է շատ սթափ գնահատենք՝ ի՞նչ գործոններ, կամ ո՞ր պետությունները կարող են ազդել Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա, եւ պետք է գնահատենք, որ այդ ազդեցության լծակներն այսօր Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են: ՀԱՊԿ-ն ընդհանրապես ազդելու հնարավորություն չունի: ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ՝ եւ միջպետական, եւ անհատական մակարդակի վրա, քան Հայաստանը եւ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել, ուղղակի աշխարհաքաղաքական անմեղսունակություն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, Ռոբերտ Քոչարյանը երեք թիրախ է մատնանշում՝ հանրային կոնսոլիդացիա, մասնակի իշխանափոխություն եւ «անվտանգային ճարտարապետության վերագնահատում»:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը եւ անելու է, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, բայց դրանք լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր: Այսօր Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություններ նաեւ Ադրբեջանի հետ եւ մտածել, որ այս վիճակում Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ՝ ուղղակի անհեթեթություն է, չի լինելու նման բան: Եվ այդ տեսանկյունից բավականին լավ վիճակ է ստեղծվել Հայաստանում հակառուսական տրամադրությունները զարգացնելու համար: Այսօր հակառուսական տրամադրությունների պուլտը Ալիեւի ձեռքում է, երբ ուզի միացնի՝ եւ մեկ ալիք էլի է գնալու՝ մի քանի հենակետ, երկու տասնյակ զոհ: Սա, իհարկե, կապված է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հետ եւ այն հանգամանքի հետ, որ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան այսօր այդ ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա չունեն: Էրդողանի վրա ընդհանրապես ոչ մեկն ազդեցություն չունի եւ պետք է ասել, որ ինքը «մաստեր կլաս» է տալիս ազգային շահերի պաշտպանության գործում: Անտեսելով ամեն ինչ, բոլոր կարգի ճնշումները՝ անում է այն, ինչ ինքը համարում է ճիշտ Թուրքիայի ազգային շահերի համար:

Հիմա մենք պետք է հասկանանք, ո՞րն է ամենից թույլ տեղը Հայաստանի: Կարծում եմ, Սյունիքն է, որը նաեւ այն տարածքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկություններ են արտահայտում Ադրբեջանն ու Թուրքիան եւ դա արվում է բացահայտ: Հիմա մեկ հարց՝ ո՞ր երկիրն է բացի Հայաստանից, ում համար Սյունիքը կարեւոր է. Իրանը: Հիմա սա դժվա՞ր էր կռահել, որովհետեւ մենք ուզում ենք ունենալով պետություն, որը բացի հայտարարություններից, բացի հորդորներից կարող է գործնական քայլերի դիմել. զուտ շահերի ուսումնասիրմամբ միայն Իրանն է: Եվ այս երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չարվեց։ Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում, որոշ պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ այս ընթացքում եւ դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետեւ Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի է կանգնեցնել»:

Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց. «Պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին, միգուցե այդ հարաբերությունները կառուցել… խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա կլիներ եւս մեկ հիմարություն, ՀԱՊԿ-ի շրջանակներում կային պայմանագրեր, որոնք շատ կարեւոր են զենք-զինամթերք գնելու համար, ուղղակի համալրել նոր կոմպոնենտներով մեր անվտանգային համակարգը»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930