Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք բարձր ձայն չեմ լսել Զաքարյանների ընտանիքից, քանի որ ջերմություն էր տիրում այդ տանը»

Սեպտեմբեր 28,2022 16:47

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը, որին յուրահատուկ համուհոտ հաղորդեցին խմբավար Տիգրան Հեքեքյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը, ֆրանսահայ մշակութային գործիչ, վավերագրող Հրայր Հրաչյանը։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Լուսինե Զաքարյանի քույրը` Լենա Զաքարյանը, դստեր՝ Իրինայի հետ։

Նշենք, որ Հրայր Հրաչյանն այն գործիչներից է, որն անձամբ է առիթ ունեցել մոտիկից շփվելու Լուսինե Զաքարյան և Խորեն Պալյան զույգի հետ։ Իսկ 2019-ին, երբ բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, Փարիզի «Նոր Հառաջ» թերթում նա այդ մասին մի գեղեցիկ հոդված է գրել։

Ի դեպ, Հրայր Հրաչյանն ու Արա Գրիգորյանը հեղինակել են մի արժեքավոր աշխատություն՝ Le dictionnaire biographique Armeniens d’hier et d aujourd hui վերնագրով, որն ընդգրկում է տեղեկություններ 3200 պատմական դեմքերի, մշակութային, ազգային, քաղաքական գործիչների մասին։

«Երբեք բարձր ձայն չեմ լսել Զաքարյանների ընտանիքից, քանի որ ջերմություն էր տիրում այդ տանը, որտեղ էլ մեծացել են Լենան, Լուսինեն և Դավիթը, որն այսօր նույնպես այսօր չկա։ Ինչ վերաբերվում է այս միջոցառմանը, նշեմ, որ Փարիզում ծնված ու մեծացած Հրայր Հրաչյանը գրքեր է գրում եւ այսօր իր գրած գրքերի մասին է խոսվելու»,- ասաց թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը։

Մինչ խոսքը կփոխանցվեր Հրայր Հրաչյանին, թավջութակահար և ռեստավրատոր Մանուկ Հարությունյանը, որն 1988-ին ստեղծել է մանջութ (Մանուկի ջութակ) գործիքը, հիասքանչ ելույթ ունեցավ։ Նշենք, որ մանջութը նման է թավջութակի, բայց ավելի փոքր է, եւ թավջութակին հատուկ սուր անկյունները հարթեցված են:

Հրայր Հրաչյանը երեկոյի ընթացքում ներկայացրեց իր գրքերը, մասնավորապես նորատիպը։ Նա ասաց, որ շատ նյութեր է հավաքել անվանի հայ գործիչների մասին, որոնք առաջիկայում կամփոփի իր գրքերում։

Իր գրական ժառանգության մասին խոսելիս՝ նա ասաց, որ ի թիվս այլնի, այնտեղ անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը, քաղաքական ու պատմական դեմքերին ։

Երեկոյի ավարտին տիկին Սուսաննան պատմեց, թե ինչպես են ծանոթացել ինքն ու Հրաչյանը․ երբ դեռ ուսանող էր, Հրայր Հրաչյանը նամակ է ուղարկում Երևանի պետական համալսարան ու նշում, որ ուզում է աշխատել մի «սովետական աղջկա» հետ։ Այդ նամակին պատասխանում է տիկին Սուսաննան, եւ այդպես սկսում է նրանց շփումը, որը շարունակվում է մինչ այսօր։

Արփի ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930