Կառավարության հեղինակած՝ «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը վերաբերում է քաղաքաշինության բնագավառում մի շարք ուղղությունների՝ ըստ դասերի լիցենզավորում, մասնագետների հավաստագրման ինստիտուտի ներդրում, քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների եւ մասնագետների միասնական ռեգիստրի ստեղծում, քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վարկանիշավորում, շարունակական մասնագիտացման համակարգի ներդրում, քաղաքաշինական ոլորտի սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների հստակեցում, ոլորտի մասնագետների հանդեպ վերահսկողություն։
Ինչպես այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ներկայում քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին տրվում է միատեսակ լիցենզիա՝ նույն իրավունքներով, սակայն կարիք կա լիցենզավորումը դասակարգելու։
«Այսինքն, անկախ քաղաքաշինական օբյեկտի բարդությունից եւ ծավալից, հիմա բոլորին տրվում է կառուցման, նախագծման, տեխնիկական հսկողության նույն լիցենզիան։ Քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճանից կախված՝ փորձելու ենք դասակարգել այդ սուբյեկտներն ըստ դասերի եւ փորձառության, ըստ մասնագետների կազմի։ Կարձանագրենք, որ որոշներն ըստ կարողությունների՝ ունակ են կառուցելու առանձնատներ, կրթական հաստատություններ, կամ 15 հարկանի շենքեր եւ այլն։ Իսկ մասնագետների հավաստագրմամբ պետք է կարողանանք ընտրել պատասխանատու մասնագետներին։ Այսօր ունենք մասնագետներ, որոնք ավարտել են 70-ականներին եւ ունեն կարմիր դիպլոմ, ժամանակին եղել են շատ լավ մասնագետներ, բայց հիմա, ցավոք, չեն համապատասխանում պահանջներին, չեն զբաղվել ինքնակրթությամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրմամբ։ Ոլորտում ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս, իսկ նորմերը պարբերաբար փոխվում են։ Ստացվում է, որ երբ մարդը չի զբաղվում դրանով, խնդիրներ ենք ունենում»,-տեղեկացրեց Դավիթ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթի փոփոխությունները մասնագետներին հնարավորություն կտան դասընթացներ անցնելու եւ ներկայի չափանիշներին համապատասխանելու․ «Իսկ մասնագետների հանդեպ վերահսկողությունը հետեւյալն է․ գործող օրենքով նորմերի խախտումների եւ խնդիրների դեպքում պատասխանատվության է ենթարկվում կազմակերպության տնօրենը, որը կարող է շինարար չլինել ու մասնագիտություն չունենալ։ Այս փոփոխություններով, եթե խնդիրը մասնագիտական է, օրինակ՝ բետոնի որակի հարց կա, ապա պատասխանատվության ենթարկվում է նաեւ մասնագետը»։
Կարդացեք նաև
Պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ քաղաքաշինական գործունեությամբ այսօր 3700-ից ավելի լիցենզավորված կազմակերպություն է զբաղվում, սակայն կոմիտեն նրանց հետ հաղորդակցվելու հարցում խնդիրներ է տեսնում․ «Այդ նպատակով ստեղծվելու է միասնական ռեգիստր՝ թվային գրանցամատյաններով, որոնցում կհավաքվի բոլոր կազմակերպությունների մասին տեղեկատվությունը։ Այն վերլուծելով՝ մենք կազմակերպությունների եւ մասնագետների վարկանիշավորում կանենք։ Պատվիրատուները, այսինքն՝ կառուցապատողները, ինչպես նաեւ քաղաքացիներն այդ վարկանիշավորման ցանկից կարող են ընտրել իրենց համար կապալառու կազմակերպություններ, շինարարներ, տեխնիկական հսկողներ»։
Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ մեր հարեւան բոլոր երկրներում գործում է թվային ռեգիստր, իրականացվում է վարկանիշավորում, դասակարգում․ «Իրենք վաղուց են անցել դրան։ Մենք ինչ-որ առումով ուշացել ենք։ Վարկանիշավորման պարտավորություն ունենք նաեւ ԵՏՄ-ի շրջանակում։ Մինչեւ 2023թ․-ի կեսերը պետք է ունենանք ռեգիստրը, որպեսզի ԵՏՄ երկրներն այդ ցանկից ընտրեն կապալառու կազմակերպություններին»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ կոռուպցիոն ռիսկերի վտանգ չկա՞ այս ամենում։ Դավիթ Գրիգորյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած չհասկացա, կոռուպցիոն ռիսկ ո՞ր փուլում կարող է ի հայտ գալ»։ Աղազարյանն արձագանքեց․ «Օրինակ, երբ հավասար պայմաններ ունեցող երկու տնտեսվարողներից մեկին տալիս եք, իսկ մյուսին՝ ոչ»։ Ենթադրաբար, պատգամավորը նկատի ուներ լիցենզիայի տրամադրումը։
Դավիթ Գրիգորյանը պատասխանեց․ «Նախ, լինելու է անցումային ժամանակահատված, որից հետո, երբ կլինեն ռեգիստրները, որոշ աշխատանք կարվի ինքնաշխատ ձեւով՝ թվային սկզբունքով, որպեսզի մարդկային գործոնը նվազագույնի հասնի։ Հիմա նման խնդիր ունենք․ դիմում է փորձառություն չունեցող կազմակերպություն, եւ մենք երկար ենք մտածում՝ տա՞լ լիցենզիա, թե ոչ։ Շատ դժվար է դա։ Այս կարգավորումներից հետո ավելի հեշտ ենք տալու լիցենզիա, բայց երրորդ դասի համար, այսինքն՝ տների կառուցում։ Որպեսզի չստացվի այնպես, որ լիցենզիա ստանալուց երեք օր հետո անփորձ կազմակերպությունը դպրոց սկսի կառուցել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ