Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները չեն կարող 60 հազար դրամից թանկ նվեր վերցնել, google-ով պիտի ճշտեն նվերի ողջամիտ շուկայական արժեքը, թանկ լինելու դեպքում տան պետությանը. Նոր նախագիծ

Սեպտեմբեր 28,2022 14:48

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ փաթեթով:

Երանուհի Թումանյանց

Փոխնախարարը նախ ներկայացրեց միջազգային հանձնարարությունները՝ կապված հանրային ծառայողների շահերի բախման, նվերների ինստիտուտի կարգավորումների հետ: Մասնավորապես, նշեց, թե Եվրախորհրդի հակակոռուպցիոն մարմինը (GRECO) ինչ պահանջներ է դրել դատական համակարգի գնահատման իր զեկույցներում: ԳՐԵԿՈ-ն առանձնացրել է հետեւյալ խնդիրները՝ անբավարար է գնահատել ստացված նվերները բացահայտելու վերաբերյալ համընդհանուր պարտականության բացակայության փաստը, առաջարկել է հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների՝ նվերներ ստանալու սահմանափակումները համախմբել մեկ իրավական ակտի մեջ, ընդգծել նվեր հասկացության բովանդակությունը եւ այլն: Նաեւ առաջարկել են փակել հանրային պաշտոն զբաղեցնելու հետ մեկտեղ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, այլ վարձատրվող աշխատանք ունենալու հնարավորությունները, շահերի բախման համար միատեսակ պատժատեսակ սահմանել, հաշվի առնել ընտանեկան շրջանակների ներգրավվածությունը եւ այլն:

Ուստի նախագծով կառավարությունը առաջարկում է նվերներ ընդունելու խախտման համար կարգապահական պատասխանատվության փոխարեն սահմանել վարչական պատասխանատվություն: Բացի այդ, շահերի բախման տեսանկյունից ընդլայնվել է փոխկապակցված անձանց շրջանակը՝ ներառելով ոչ միայն ազգակցական կապերով կապված անձանց, այլ նաեւ սերտ կապերով կապված անձանց:

«Նվեր ստանալիս յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իր խղճի առաջ գնահատի: Դուք պետք է գիտակցեք՝ նվերը, որ ստանում եք, տրվում է ձեզ՝ որպես պատգամավորի՞, որը պետք է դրական քվեի արժանացնի այս կամ այն նախագիծը, կամ որպես փոխնախարարի՞, որն իր որոշակի լիազորություններն ունի ու հենց այդ նպատակով է տրվում, թե՞ դա նվեր է, որը քեզ տվել է քո մանկության ընկերը: Այստեղ իսկապես խղճի թելադրանքի պահն է ու պաշտոնյայի բարեվարքության սկզբունքն է դրված: Նվերների ռեեստր պետք է լինի ու ոնց որ հայտարարագրման դեպքում է, դու ունենալու ես քո password-ն ու տվյալները, կարողանալու ես յուրաքանչյուր տեղեկություն լրացնել 5-օրյա ժամկետում»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նախագծի, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնեական կամ ծառայողական պարտականությունների կատարման եւ ստացված նվերի միջեւ կապ կա: Օրենքով հստակեցվում է, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, այդ թվում՝ անգամ շատ ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:

Թե ինչ նվերներ են թույլատրվում ստանալ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողներին, դրանք նույնպես սահմանված են՝ պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, գործուղումների ժամանակ տրվող նվերները կամ հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքով, բայց՝ արդար մրցույթի արդյունքում, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Որպեսզի պաշտոնյաները շատ չգայթակղվեն հյուրասիրություններով, որը թույլատրելի նվեր է համարվում, սահմանվում է, որ «հյուրասիրություն» է համարվում այն նվերը, որն առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով:

Ի դեպ, եթե պաշտոնյայի ստացած նվերը գերազանցում է 60 հազար դրամը, ապա այդ նվերը նա չի կարող տանել տուն, այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Նվերը ստանալուն պես պաշտոնյաները պետք է բաց աղբյուրներից, օրինակ, google-ով ճշտեն դրա ողջամիտ շուկայական արժեքը:

Վլադիմիր Վարդանյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ մայիս ամիսը շատ ծանր, կրիտիկական ամիս է, քանի որ 3-4 օր ծախսում են՝ հայտարարագրի տեքստերը ստուգելու համար. «Ամեն մի ստորակետը, որ կարող է դիտարկվել որպես տեխնիկական խնդիր, կարող է գա ու ջրհեղեղի նման մեր ամեն ինչը տանի: Մենք պետք է մտածենք նաեւ ոնց անենք, որպեսզի այդ մեխանիզմը լինի արդյունավետ ու նաեւ հարմարավետ: Եթե մենք շատ խստացնենք այս կարգի կարգավորումները, որոնք մարդուն ստիպելու են շատ դեպքերում ոչ թե բարեվարք պահել, այլ զզվացնել, որովհետեւ շատ դեպքերում դրանք զզվացնում են, համակարգը չի աշխատելու»:

Նա հորդորեց, որ փոխնախարարը միջազգային գործընկերների համոզի, որ չեն կարող մի հատ «պտիչկա» ստանալու համար պարտավորություններ ստանձնեն, որոնք չեն կարողանալու կատարել:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930