Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի». լեզվաբան Հրաչ Մարտիրոսյան

Սեպտեմբեր 28,2022 15:12

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երիտասարդ գիտնականների համար «Հնամյա ու նորաշունչ հայոց լեզուն» և «Հայոց հնագույն դիցուհու պաշտամունքի մնացուկները Արցախում ու Սյունիքում» թեմաներով զեկուցմամբ հանդես եկավ լեզվաբան-համեմատաբան Հրաչ Մարտիրոսյանը:

Նա ներկայացրեց հայոց լեզվի պատմությունը՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ, ընդգծեց Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկությունները:

Հրաչ Մարտիրոսյանը կարևորեց հայագիտության հանրայնացումը: «Հայագիտությունը ոչ միայն ակադեմիական գիտական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն ունի: Մենք ունենք աշխարհում հայագիտության հանրայնացման խնդիր: Այդ անհրաժեշտությունը նաև պայմանավորված է քաղաքական արդի վիճակով: Մեր թշնամին համակարգված աշխատում է գիտությունը կեղծելու ուղղությամբ: Մենք պետք է ոչ միայն գիտական, այլ նաև դիվանագիտական հանրայնացման օղակներով ակադեմիական ճշմարտությունը տեղ հասցնենք», – ասաց Հրաչ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հնդեվրոպական ակադեմիական դաշտը չի կարող ուսումնասիրվել և զարգանալ առանց հայերենի: «Ես հաճախ դասախոսելու հրավերներ եմ ստանում եվրոպական տարբեր երկրներից և կարող եմ վստահ ասել՝ գիտական աշխարհը հետաքրքրված է հայագիտությամբ», – նշեց նա:

Երիտասարդ գիտնականներին Հրաչ Մարտիրոսյանը խորհուրդ տվեց. «Հարկավոր է ունենալ լայն մտահորիզոն և տեսնել, որ հետազոտական նյութը օվկիանոս է, բազմաշերտ և չունի սահմաններ»:

Հրաչ Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայոց լեզվի պատմությունն իր ողջ ընթացքով՝ հնդեվրոպական ակունքներից մինչև բարբառներ ու արդի լեզու։ 2008 թվականին Նիդեռլանդների Լեյդենի համալսարանում նա պաշտպանել է «Հայերենի բնիկ բառամթերքի ստուգաբանական բառարան» թեմայով ատենախոսությունը, այնուհետև դասավանդել է նույն համալսարանում: Հրաչ Մարտիրոսյանը դասախոսել է նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի, Միչիգանի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Մոսկվայի համալսարաններում, գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Վիեննայի, Բեռլինի, Լեյդենի համալսարաններում: Հայաստանում նա հաճախ անցկացնում է դասընթացներ և գիտարշավներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930