ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք հայտարարվեց։ Արդյունքում՝ կտրուկ աճեց Վերին Լարս անցակետով Ռուսաստանից մեկնողների թիվը։
Ռուսական կողմից Լարսում արդեն մեկ շաբաթ է՝ մեքենաների հսկայական խցանումներ են:
Վանաձորից նույնպես քաղաքացիներ են այս օրերին մնացել խցանման մեջ: Կիլոմետրեր ձգվող հերթերի պատճառով 4 օր շարունակ մարդիկ մեքենաներում են մնում. «4 օր է՝ ես Վլադիկովկասից դուրս եմ եկել, որ գամ: Հենց էս պահին Ռուսաստանի անցակետում եմ: Մեքենաներով մարդկանց են տրորում, խանութներում գրեթե ապրանք չկա, եղած սնունդն էլ 5-6 անգամ թանկացրել են: Մարդիկ սոված չգիտեն ինչ անեն: Ջուր չկա, գնում են սարից ջուր են բերում, որ խմեն»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենը:
Արմենի խոսքով՝ իրավիճակից օգտվում են արդեն տաքսի վարողները: Նրա խոսքով՝ տաքսու վարորդներն էլ իրենց հերթին արհեստական խցանումներ են ստեղծում, որպեսզի մարդիկ ստիպված օգտվեն իրենց ծառայություններից. «Փող են ուզում, որ 50-100 մետր մեքենադ հանդիպակաց ճանապարհով հերթի մեջ առաջ գցեն: Ու էդ փողը քիչ չի՝ 100.000 ռուբլի է»:
Կարդացեք նաև
Արմենն ասում է, որ դեռ մի քանի օր էլ նույն իրավիճակը կլինի, ձգվող հերթերը օր-օրի ավելանում են: Դեռեւս հույս չունեն, թե երբ կարող են անցնել սահմանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ