Սեպտեմբերի 26-ին պայմանագրային զինծառայող Համլետ Խաչատրյանը նռնակով՝ օղակը հանած վիճակում, աներոջ տուն էր գնացել անձնական հարցեր պարզելու: Այս մասին Aravot.am-ին ասաց Համլետի հայրը՝ Նորայր Խաչատրյանը: Նա պատմեց, որ որդին հին հարցեր է ունեցել կնոջ ծնողների հետ, կնոջից ամուսնալուծված չէ, սակայն ներկայումս նրա հետ չի ապրում, վիճել են:
Թեեւ, ըստ իրավապահների, Համլետ Խաչատրյանը նռնակով սպառնալիքներ է հնչեցրել աներոջ տանը, ավելի ուշ նռնակը պայթեցրել աներոջ տան կից հողամասում, սակայն, ըստ նրա հոր տվյալների, որեւէ վնաս չի հասցրել: Դեպքի այլ մանրամասներին Համլետի հայրը չի տիրապետում, նա ասաց, որ դեպքից հետո որդին ձերբակալվել է, իրավապահները նրա հետ տեսակցություն չեն թույլատրել:
Համլետ Խաչատրյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, ունի մեկ երեխա: Հայրը պատմում է, որ շատ հնարավոր է՝ նաեւ պատերազմական գործողությունների մասնակցությունը ազդած լինի որդու հոգեվիճակի վրա, ինչը դրդել է կնոջ հարազատների հետ հարցերը պարզել նման ծայրահեղ միջոցով:
Համլետ Խաչատրյանը ամուսնանալուց հետո հորական տնից տեղափոխվել էր Սեւան քաղաք, այնտեղ մինչեւ կնոջ հետ վիճաբանությունը միասին են ապրել:
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պայմանագրային զինծառայողին մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել. Քր. օրենսգրքի 194 հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերով (այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրում), 264 հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը,), 335 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝)եւ 338 հոդվածի 1-ին մասով (Հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք հափշտակելը):
Համլետ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Համլետ Խաչատրյանը խոստովանել է, որ նռնակն իր հետ բերել է դիրքերից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ