Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար: Որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, կոմիտեի ծառայողի համար գործող օրենքով սահմանված է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար օրենքը նախատեսում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել ստաժը հաշվարկելու եւ դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ:
Յուրաքանչուր պետական կառույցում առկա են աշխատանքային ստաժի հաշվարկման տարբեր մեխանիզմներ: Մի դեպքում աշխատանքային կամ ծառայության ստաժի համար պետական պաշտոնյան ստանում է հավելավճար, իսկ մյուս դեպքում՝ աշխատանքային ստաժի արդյունքում աշխատավարձի բնականոն աճ է տեղի ունենում, որն արտահայտվում է գործակցի աճով, օրինակ՝ ոստիկանությունում:
Հիմա կառավարությունը գտնում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նման սոցիալական երաշխիք չնախատեսելն արդարացված չէ: Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսել հավելավճարի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար:
Կարդացեք նաև
Հընթացս կառավարությունը որոշել է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարցերը լուծել: Նախագծով հիմնավորվում է, թե «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվա հետ, սակայն տվյալ պարագայում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի վաղ, քան «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հետեւաբար անհարժեշտություն է առաջանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կատարած աշխատանքի համար տալ վարձատրություն, սակայն, որը հնարավոր չէ իրականացնել ներկայիս կարգավորումների պարագայում»:
Նշենք, որ Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել 2021-ի սեպտեմբերի 16-ին: Իսկ օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի մարտի 23-ին: Այսինքն, հաշվի առնելով, որ մինչեւ օրենքն ընդունելը Սասուն Խաչատրյանին արդեն նշանակել էին կոմիտեի նախագահ, բյուջեի հաշվին նրան պետք է վարձատրել հավելյալ մոտ 6 ամսվա համար: Կառավարությունը ուզում է ընդունված նորմերին տալ հետադարձ ուժ՝ կապելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ:
ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը փոխնախարարին հարցրեց՝ բյուջեի վրա որքա՞ն ծախս է ավելանալու՝ հավելավճարների, ստաժի համար, Սասուն Խաչատրյանի աշխատավարձի բեռը շրջանցվեց: Թումանյանցը պատասխանեց, որ հավելավճարը կհաշվարկվի 2024 թվականից, որովհետեւ թիմը նոր է ձեւավորվում եւ դեռեւս ստաժի հաշվարկման խնդիր չկա. «Այդ հաշվարկի համաձայն, գումարը կազմելու է 1 մլրդ 1 մլն դրամ, որը կհատկացվի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատավարձի ֆոնդի տնտեսած միջոցների հաշվին: Հակակոռուպցիոն կոմիտեն նշել է, որ իրենք կկարողանան տնտեսեն ու այդ գումարը կհատկացնեն այդ ժամանակահատվածում»:
Այսինքն, դեռ 2024 թվականի բյուջեն չհաստատված՝ արդեն գիտեն, որ փող է ավելանալու եւ իրենք «տնտեսելու են»: Ի դեպ, փոխնախարարը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեից է եկել այս փոփոխությունների ընդունման այսպես ասած պատվերը, ուստի պարզ է դառնում, թե Սասուն Խաչատրյանը այս պատերազմական խառը շրջանում ինչ առաջնահերթություններ է դնում:
Նախագիծը դրական եզրակացության արժանացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ