Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. Այս պահին այնպիսի իրավիճակ է, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը որոշելու է, թե ով կընտրվի համայնքի ղեկավար. «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2022 12:18

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Մի մասում մասնակցում էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Զրուցել ենք կուսակցության հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանի հետ։

Դուք պարբերաբար խոսում էիք, որ տարբեր համայնքներում ձեր դեմ ճնշումներ էին գործադրվում, այդ թվում՝ Թալինում, այդ ճնշումները որքանո՞վ ազդեցին ընտրությունների արդյունքների վրա։

– Ցավով եմ արձանագրում, որ մի կողմից չհերքելով, որ ընտրական գործընթացներում էական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն մի շարք համայնքներում, առավել եւս՝ գյուղական բնակավայրերում, շարունակում են պահպանվել, այսպես ասած, հին եւ բարի ավանդույթները, եւ տեղական «հեղինակություններ» ու նաեւ վարչական որոշակի ազդեցություն ունեցող անհատներ ընտրական գործընթացների շրջանակներում անում են այն, ինչ ունեինք տասնամյակներ։ Այսինքն՝ փորձել ճնշումներ, առաջարկներ ե՛ւ ընտրողներին, ե՛ւ ցուցակներում ընդգրկված տարբեր մարդկանց, որի շրջանակներում, այո, որոշակի խնդիրներ առաջանում են։ Բայց, մեծ հաշվով, պետք է նշեմ, որ բոլոր տեղերում էլ մեր թիմերը բավականին ամուր մասնակցել են քարոզարշավին, եւ մեծ խնդիրների առաջ չենք կանգնել։ Ավելի շատ նշում եմ, որ ընտրական մթնոլորտը, ցավոք, շատ տեղերում հիշեցնում է հին գործելաոճը։

Ալավերդիում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել դուք 49 տոկոս եք հավաքել եւ ձեր հաղթանակն ամրագրելու համար պետք է կոալիցիա կազմեք որեւէ ուժի հետ։ Դուք ասել էիք, որ ՔՊի հետ բացառում եք կոալիցիան, իսկ մյուս ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցը քննարկո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Ալավերդիում երեք ուժ է ընդգրկված ավագանու կազմում, Դաշնակցությունը չի հաղթահարել նվազագույն շեմը, ճիշտ է՝ ՀԱԿ-ն էլ չի հաղթահարել, սակայն օրենքի ուժով երրորդ տեղն է գրավել եւ մեկ մանդատ է ստանում՝ նախնական տվյալների համաձայն։ Իսկ մենք եւ ՔՊ-ն 13-ական մանդատ ենք ստանում։ Այս պահին տեսականորեն միակ հնարավոր համագործակցությունը ՀԱԿ-ի հետ է լինելու, բայց դեռ վերջնական որեւէ բան չկա, քննարկումներ դեռ չունենք։ Ժամանակ կա, այդ ուղղությամբ ենք աշխատելու, որպեսզի մեր հաղթանակն ամրագրենք։

Հնարավո՞ր է՝ ՔՊն բանակցի ՀԱԿի հետ, եւ նրանք երկուսով կոալիցիա կազմեն։

– Չգիտեմ, խնդրում եմ՝ դա հարցրեք ՔՊ-ին եւ ՀԱԿ-ին։ Այս պահին այնպիսի իրավիճակ է, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը որոշելու է, թե ով կընտրվի համայնքի ղեկավար։

Իսկ այլ համայնքներում կա՞ կոալիցիոն իրավիճակ։

– Մեր մասնակցած համայնքներից Սիսիանում որեւիցե ուժ 50 տոկոսից ավելի չի հավաքել։ Այնտեղ հինգ ուժ է ներկայացված լինելու ավագանու կազմում։ Այս պահին չունենք վերջնական որոշում, ընթացքում կհասկանանք՝ հնարավոր ինչ համագործակցության արդյունքում ներգրավված կլինենք համայնքի ղեկավարմանը։ Այնտեղ մենք պատրաստ ենք ստանձնել համայնքի ղեկավարումը, եթե որեւէ ուժ ցանկություն ունի աջակցել մեզ այդ հարցում, պատրաստ ենք լսել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930