Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը չի բացառում, որ ռուսները, իրոք, մեզ խանգարում են զինվել։ «Զենքի առեւտուրը միշտ էլ սերտորեն կապված է քաղաքականության հետ։ Բնականաբար, ՌԴ-ն մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը չէր ուզի, որ մենք Արեւմուտքից զենք գնեինք, բայց մյուս կողմից՝ ո՞ւր մնաց երկրի ինքնիշխանությունը, եթե դու պետք է անընդհատ ռուսին նայես։ Առաջ հեշտ ձեւ էինք գտել՝ ՌԴ-ից էժան, զեղչ գնով, երեւի հաճախ՝ նաեւ ձրի, զենք էինք վերցնում։ Ինքը դա մեզ տալիս էր ու մեզ պահում էր իր քաղաքական օրբիտայում։ Ադրբեջանն այլ բան է անում՝ հանում, փողը դնում է սեղանին ու ասում է՝ ռուս ջան, դու չտաս, ուրիշից կառնեմ։ Փողը կա, իմ անկախությանը ոչ ոք ձեռք չտա։ Սա ավելի ճիշտ մոտեցում է, որին մեկ օրում չեն հասնում, այլ՝ երկարատեւ աշխատանքի արդյունքում»։
– Ինչո՞ւ մենք էլ չենք կարող այդպես անել։
– Նախ՝ փող չունենք կամ չենք ուզում դնել էդ գործի վրա։ Նախկին իշխանությունները ՌԴ-ից բերում էին կոնցեպտուալ հնացած զենք ու համարում էին իրենց խնդիրը լուծված։ Կան, չէ՞, տարիքով մարդիկ, որ ամբողջ կյանքում իրենց «24-10»-ն են քշում ու չեն ուզում նոր մեքենա։ Նոր զենքը նաեւ սպասարկում է, անձնակազմի պատրաստում է, կադրերի առաջ քաշում, կոնցեպտուալ խնդիրներ կան։ Մեր համապատասխան այրերը եթե գումար էլ ունենան, չգիտեն, թե ինչ առնեն։ Պետք է լուրջ ուսումնասիրություն անեն դրա համար, որը չեն անում։ Տատիկներ կան, որ Սովետի ժամանակ բելառուսական փոշեկուլ են օգտագործել, ու որ փչանում է, նորից դրանից են փնտրում, ինչքան էլ ասում ես՝ ի՞նչ բելառուսական փոշեկուլ, հիմա ավելի լավերը կան։ Մեր պաշտպանության ոլորտն իներցիոն համակարգի վրա էր, այնտեղ մինչեւ 18 թիվը մտածելը մոդա չէր, իսկ 18 թվից էլ անսիստեմ շրջան է, ավելի վատ՝ էդ իներցիոն մարդիկ գնացին, ու տեղը ոչինչ չդրվեց։
– Լավ, հները առնում կամ բերում էին ինչ–որ հնացած զենք, հիմա ռուսները չեն տալիս, ասում են՝ Вам надо – купите, բայց չեն թողնում։ Ադրբեջանն էլ Իսրայելից, Թուրքիայից, ՌԴ–ից ակտիվորեն զենք է առնում, հիմա մենք ի՞նչ պետք է անենք։
Կարդացեք նաև
– Մեր ողբերգական պարտությունից հետո մեր կախվածությունը ՌԴ-ից ավելի մեծացավ։ Մենք ոչ միայն փող չունենք, այլեւ անվտանգային ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան նախկինում, երբ Ադրբեջանը հոգեբանական տաբու ուներ հարձակման դեմ։ Մանավանդ՝ 16 թվականի պատերազմից հետո, որը՝ ով ինչ ուզում է ասի, Ադրբեջանին մի 2-3 տարով սառեցրեց։ Հիմա իշխանությունները կա՛մ կտրուկ քայլ պիտի անեն դեպի արեւմտյան զենքը, բայց դրան պատրաստ չեն ֆինանսապես, քաղաքականորեն, տնտեսապես, կա՛մ էլ մենք անընդհատ պետք է այս վիճակում մնանք։ Արեւմտյան զենքի հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Օրինակ, Իսրայելն ասում է՝ ես որ քեզ իմ ԱԹՍ-ները վաճառեմ, բա որ հանկարծ դրանց ներքին տեխնոլոգիան ընկնի քո գործընկեր ռուսի ձե՞ռքը։ Բարձրտեխնոլոգիական զենքը մեծ ռազմական գաղտնիք է պարունակում, որը քեզ կտան, եթե դու ապացուցես քո թշնամական լինելն Արեւմուտքի հակառակորդի դեմ, իսկ դա իր հերթին նոր անվտանգային խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում։ Շատ մեծ ավանտյուրիզմ է՝ էս պահին ՌԴ-ին թողնել ու գնալ Արեւմուտք։
– Այսինքն՝ ճի՞շտ է ասում Փաշինյանը, որ մեզ զենք չեն վաճառում։
– Նայած, որոշ զենքերի համար։ Կարող է իսրայելական ԱԹՍ մեզ չվաճառեն, բայց ի՞նչն է մեզ խանգարում գնալ՝ գոնե չինականը գնել եւ որակի տեղը քանակով փակել։ Ոչ, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ մեզ չեն վաճառում։ Մտքիդ տեղ լինի։ Եթե ցանկություն լինի, զենք միշտ էլ կարելի է գնել։ Հիմա զենքի շուկայում այնպիսի մրցակցություն է, հատկապես՝ այն զենքի արտադրությունը, որը մեզ է հետաքրքրում՝ ԱԹՍ-ներ, հակաօդային պաշտպանության, կապի միջոցներ, այնքան սրընթաց է զարգանում, որ եթե այս պահին չվաճառվեց, արագորեն կհնանա։ Այսինքն՝ փող լինի, կվաճառեն։ Բայց այնպես չէ, որ մատներդ ճտտացնես, ու բերեն տան։ Պետք է նորմալ տակտ, շփում։ Քեզ պետք է լուրջ վերաբերվեն, դու պետք է լուրջ գործընկերոջ տպավորություն թողնես նաեւ։ Եթե դու գնում ես հանդիպման ու «Այֆոն 14»-ը հանում ես գրպանիցդ, գցում սեղանին կամ ուշանում ես հանդիպումից, կամ ինչ-որ հիստերիկ լայվեր ես մտնում, կամ պետական գաղտնիքներ ես բացում, էդ մարդիկ արդեն մտածում են՝ էս ո՞վ ա։ Զենքը ենթադրում է վստահության մթնոլորտ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: