Սեպտեմբերի 27-ին, Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հանդիպումը։
Ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով Սուրեն Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։
Սեբաստիեն Լըքորնյուն վերահաստատել է խնդրի առնչությամբ Ֆրանսիայի պետական դիրքորոշումը, այն է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։
Կարդացեք նաև
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կուղարկի Հայաստան, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը. «Այսօր ընդունել եմ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Քննարկել ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց ելման դիրքեր։
Ես նրան տեղեկացրի, որ իրավիճակը գնահատելու նպատակով ֆրանսիական պատվիրակություն շուտափույթ կերպով կգործուղվի Հայաստան»։