Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպված տուրիզմի ոլորտը դեռ «ուշքի չի գալիս», թեեւ զբոսաշրջիկների պակաս, նախորդ տարվա համեմատ, կարծես չկա

Սեպտեմբեր 28,2022 14:00

Այս տարի մեր երկրում նկատելի է օտարերկրյա այցելուների մեծ քանակ։ Տարեսկզբից մինչեւ օգոստոս ամիս, ըստ զբոսաշրջության կոմիտեի տվյալների, մեր երկիր է ժամանել 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը գուցե տպավորիչ է, սակայն այն դեռ չի հասել նախաքովիդյան եւ նախապատերազմական ժամանակաշրջանին։

2019-ին մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1մլն 894 հազար 377, իսկ 2019-ի հունվար-սեպտեմբերին, ըստ Վիճակագրական կոմիտեի, (հունվար-օգոստոսի ցուցանիշը ՎԿ-ն չի հրապարակել) կազմել է 1մլն 459 հազար 152։

Արդյոք զբոսաշրջության ոլորտը վերականգնվում է 2020 թվականին կրած վնասներից եւ արդյոք ոլորտի կազմակերպությունները վերջապես «ուշքի են գալիս»։ Այս առնչությամբ «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ կարծես մոտենում ենք 2019-ի ցուցանիշին, սակայն մի մեծ խնդիր կա՝ կազմակերպված տուրիզմը չի մտել կայունության փուլ։ Նա նկատում է՝ օտարերկրյա բոլոր այցելությունները հիմնականում անհատական այցելուներ են, նրանց գերակշիռ մասը տուրօպերատորների միջոցով չեն այցելում մեր երկիր, ուստի ոլորտի ընկերությունները դեռեւս այդ գործընթացներից գրեթե անմասն են։

Կարելի է մտածել՝ ի՞նչ է եղել որ, կարեւորը մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս, մեր երկրում գումար են ծախսում, է, թող անհատական գան։ Սակայն, Ապրեսյանը նշում է՝ իհարկե, ծառայությունների, հյուրանոցային բիզնեսի, հանրային սննդի ոլորտներում զբաղվածություն կա, եւ քիչ, թե շատ այս ոլորտները վերականգնվում է, իսկ ահա զբոսաշրջային ընկերությունները, որոնք ոլորտի ողնաշարն են, այնքան էլ լավ վիճակում չեն, դեռեւս չեն վերականգնվում. «Կազմակեպված տուրիզմի միջոցով, երբ օտարերկրացիները գալիս են մեր երկիր, նրանց շրջայցի ուղղությունները նախապես կազմված է լինում, այդ ընկերություններն են նրանց համար Հայաստանի տարբեր վայրեր այցելություններ կազմակերպում, ինչի շնորհիվ նաեւ մարզերում է ոլորտն աշխուժանում։ Այսինքն, կազմակերպված տուրիզմի միջոցով մեր երկիր եկած գումարը բաշխվում է նաեւ մարզերում։ Իսկ անհատական զբոսաշրջիկների ծախսերն այսօր կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաքում ու Երեւանին մոտ վայրերում։ Անհատական եկածներն անհատապես էլ ուղիներ են որոշում ու այցելում։ Գուցե նրանք ներքին տուրիզմի ընկերությունների հետ երբեմն այցելեն որոշ վայրեր, բայց դա դասական կազմակերպված տուրիզմը չէ եւ դրանց տեսակարար կշիռը շատ քիչ է ոլորտում»։

Թե ինչո՞ւ են այս տարի զբոսաշրջիկներն անհատական գալիս, Ապրեսյանն ասում է՝ կազմակերպված զբոսաշրջությունը կամ ոլորտի ընկերություններն ավելի պատասխանատու են եւ երբ ընկերությունների միջոցով են գալիս, նրանք համագործակցում են այն երկրների ընկերությունների հետ, որտեղից գալիս են զբոսաշրջիկները. «Օրինակ՝ Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները պատասխանատվություն են կրում մատուցվող ծառայությունների, անվտանգության համար, այդ պատճառով էլ ընկերությունները դեռեւս շատ զգուշավոր են կորոնավիրուսից եւ պատերազմից հետո։ Նաեւ տարածաշրջանում անկայուն իրավիճակ է։ Դեռեւս զգուշավորություն կա, ուստի կազմակերպված տուրիզմը դեռ ուշքի չի գալիս»։

Ապրեսյանը նկատում է՝ օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ մասը, ցավոք, ծրագրված հանգստի համար այցելած զբոսաշրջիկներ չեն։ Մեր երկիր այցելությունները հիմնականում պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով։

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի, 2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճն ապահոված 5 երկրներն են՝ Ռուսաստանը՝ 45%, Վրաստանը՝ 9%, Իրանը՝ 7%, ԱՄՆ-ն՝ 3%, Գերմանիան՝ 1%։

Ոլորտում մեկ այլ լուրջ խնդիր էլ կա՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ դրամի արժեւորումը շատ է վնասում է կազմակերպված տուրիզմի ոլորտին։
Ապրեսյանն ասում է, որ երկու շաբաթ առաջ առաջարկություններով դիմել են կառավարությանը։ Ասում է՝ վարչապետը հանձնարարել է մի քանի գերատեսչություններին քննարկել խնդիրն ու առաջարկությունները։ Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններում եւ ԿԲ-ում խնդիրը դեռեւս քննարկման փուլում է։

«Հուսով ենք, որ մեզ էլ կհրավիրեն համատեղ քննարկման եւ գուցե դրական արդյունք լինի։ Խնդիրն այն է, որ հիմա եթե կազմակերպված տուրիզմով զբոսաշրջիկներ են գալիս, դոլարի փոխարժեքը առնվազն 480 դրամով է հաշվարկված լինում, եւ եթե անգամ գալիս էլ են, ապա զբոսաշրջային ընկերություններն ամեն զբոսաշրջիկի հաշվով 50-150 դոլարի վնաս են կրում։

Մենք առաջարկել ենք՝ այն տուրփաթեթները, որոնք վաճառվել են նախկին փոխարժեքի գներով, այդ կրած վնասները կառավարությունը հատուցի։ Նաեւ առաջարկել ենք որոշակի սուբսիդավորում լինի գոնե մեկ տարվա կտրվածքով։ Մյուս կարեւոր առաջարկն էլ այն է, որ խնդրել ենք երկարաձգել կորոնովիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագիրը, որն ուղղված էր զբոսաշրջության ոլորտին»,-ասում է Ապրեսյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է նախքան սեպտեմբերի 13-ը, սակայն ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով հետաձգվել էր։

«Առավոտ» օրաթերթ
27.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930