Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունքներում էական հակասությունների առկայությունը դեռեւս առերեսում կատարելու հիմք չէ

Սեպտեմբեր 28,2022 13:30

Չնայած քրեադատավարական օրենքի պահանջին, նպատակահարմար չէ առերեսում կատարել մեղադրյալի եւ իր բարեկամերի միջեւ, քանի որ խղճահարության զգացման ազդեցության տակ անձը կարող է փոխել ցուցմունքը հօգուտ մեղադրյալի:

«Առավոտի» իրավական էջը ներկայացնում է ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ.պրոֆեսոր Վահե Ենգիբարյանի «Դատական իշխանություն» ամսագրում լույս տեսած «Առերեսման էությունը քրեադատավարական իրավակարգավորումների համատեքստում» գիտական հոդվածից մի հատված:

Առերես հարցաքննությունը, որպես առանձին քննչական գործողություն, իր ուրույն տեղն է զբաղեցնում քննչական գործողությունների համակարգում: Այդուհանդերձ, մասնագիտական գրականության մեջ դեռեւս միասնական կարծիք չկա առերեսման որպես ինքնուրույն քննչական գործողության հասկացության սահմանման վերաբերյալ: Որոշ հեղինակներ առերեսումը բնորոշում են որպես հարցաքննության առանձին տեսակ՝ հիմնականում հիմք ընդունելով Մ. Ս. Ստրոգովիչի այն բնորոշումը, համաձայն որի՝ «Առերեսումը երկու անձանց մասնակցությամբ նրանց միաժամանակյա հարցաքննությունն է միեւնույն հանգամանքի շուրջ»: Հեղինակների մեկ այլ խումբ, Ա. Բ. Սոլովյովի գլխավորությամբ, առերեսումը սահմանում է որպես՝ «վիճելի հանգամանքների ճշգրտման նպատակով նախօրոք հարցաքննված այն երկու անձանց միաժամանակյա հարցաքննություն, որոնց ցուցմունքներում առկա են էական հակասություններ»:

Ներկայացված երկու տարբեր մոտեցումերի կապակցությամբ կարծում ենք, որ հեղինակների առաջին խմբի բնորոշման մեջ բացակայում են կարեւոր տարրեր, ինչպես օրինակ՝ առերեսման կատարման նպատակները եւ այլն: Ինչ վերաբերում է երկրորդ բնորոշմանը, ապա պետք է նշել, որ այն լիարժեք համարվել չի կարող, քանի որ հեղինակները, առերեսումը բնորոշելով որպես հարցաքննության տեսակ, այդուհանդերձ չեն մատնանշում այն անձանց շրջանակը, որոնց միջեւ կարող է կատարվել նշված քննչական գործողությունը: Առանձին հեղինակներ էլ առերեսումը բնորոշում են որպես ինքնուրույն քննչական գործողություն:

Մասնավորապես, Վ. Ե. Կոնովալովան առերեսումը բնորոշում է որպես՝ «ինքնուրույն քննչական գործողություն, որի հիմնական խնդիրն է գործով ապացույցներ հավաքելը դատաքննչական մարմինների կողմից միաժամանակ երկու անձանց (երկու մեղադրյալ, երկու վկա, վկա եւ մեղադրյալ) հարցաքննության միջոցով նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունները վերացնելու եւ ճշմարտությունը բացահայտելու նպատակով»: Թեեւ Ե. Վ. Կոնովալովան առերեսումը համարում է ինքնուրույն քննչական գործողություն, սակայն հեղինակային բնորոշման մեջ նշված դրույթը չի արտահայտվում: Առերեսվող անձանց շրջանակում չի նշվում կասկածյալի եւ տուժողի մասին, առավել եւս՝ այն, որ առերեսումը կատարվում է նախօրոք հարցաքննված երկու անձանց միջեւ:

Առերեսման քրեադատավարական նշանակության հարցի վերաբերյալ Ա. Կ. Դավլետկովը եւ Ա. Բ. Սոլովյովը նշում են, որ այն լուծված է օրենսդրորեն, եթե օրենքը կիրառում է «հարցաքննություն» եւ «հարցաքննված» հասկացությունները (ինչպես օրինակ, ՀՀ ՔԴՕ 216-րդ հոդվածը): Դժվար է համաձայնել նմանօրինակ տեսակետի հետ. այդ հասկացությունները պետք է ընդունել պայմանականորեն, քանի որ երկու դեպքում էլ խնդիրները եւ նպատակները տարբեր են: Այս առումով, կարծում ենք, որ առավել հիմավոր է Ս. Ա. Շեյֆերի այն պնդումը, որ դրանք միատեսակ, սակայն մեկը մյուսից տարբեր կառուցվածքներ են:

Պետք է նշել, որ որպես քննչական գործողություն՝ առերեսումը հարցաքննությունից տարբերվում է հետեւյալ հատկանիշներով.
1) Առերեսման ընթացքում միաժամանակ հարցաքննվում են երկու անձինք:
2) Առերեսմանը մասնակցող հարցաքննվողները պետք է նախկինում արդեն հարցաքննված լինեն դատավարական որեւէ կարգավիճակով:
3) Առերեսվող անձանց նախկինում տված ցուցմունքների մեջ պետք է լինեն էական հակասություններ:

Առերեսման՝ որպես քննչական գործողության կատարման նպատակն այդ հակասությունների վերացումն է կամ առնվազն դրանց պատճառների բացահայտումը: «Էական հակասություններ» արտահայտության տակ ընդունված է հասկանալ քրեական գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող միեւնույն հանգամանքի վերաբերյալ ցուցմունքներում հակասությունների առկայությունը: Իսկ, թե հակասությունն էական է, թե ոչ, որոշում է քննիչը՝ ելնելով առկա քննչական իրադրությունից, գործի հանգամանքներից եւ դրանց վրա հակասությունների ազդեցությունից: Կարծում ենք, որ սա միանգամայն արդարացի է, քանի որ միայն քննիչը կարող է կողմնորոշվել եւ ճիշտ գնահատական տալ այդ հակասական փաստերին, որոնք անմիջականորեն առնչվում են գործով հավաքված ապացույցներին եւ գործի նյութերին: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 4-ի ԿՀՈ 35 որոշման պարզաբանող մասի 2-րդ կետը. «Չի կատարել հսկող դատախազի գրավոր, առարկայական, օրինական ցուցումը, մասնավորապես, Դ. Ջիլավդարյանն առերես չի հարցաքննվել վկաներ՝ Հ. Կարապետյանի, Է.Հարությունյանի, Էդ. Իսպիրյանի եւ Ա. Արշակյանի հետ՝ արդյունքում չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջները:

Հիշյալ առերեւույթ իրավախախտման վերաբերյալ Տ.Ն-ն Կարգապահական հանձնաժողովին բացատրություն տվեց այն մասին, որ վկաների ցուցմունքներում էական հակասություններ չեն եղել, բացի այդ, տվյալ փուլում քրեական գործի շահերից ելնելով նպատակահարմար չի գտել հիշյալ անձանց միջեւ առերես հարցաքննություններ կատարել, նկատի ունենալով, որ առերես հարցաքննվող անձինք միմյանց հետ գտնվել են մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ եւ առերեսման ընթացքում կաշկանդված կլինեին ճշմարտությունը ներկայացնել, քանի որ նման իրավիճակ արդեն քրեական գործով ունեցել է եւ մարտավարություն է ընտրել առերես հարցաքննությունները կատարել առերեսվող անձանց ծնողների եւ մանկավարժների հետ զրուցելուց հետո, սակայն չի հասցրել, քանի որ հեռացվել է քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցելուց:

Ուսումնասիրելով նյութերը՝ Կարգապահական հանձնաժողովը հիշյալ դրվագով պարզեց, որ քննիչի արարքում բացակայում է իրավախախտման փաստը, նկատի ունենալով, որ վերը հիշատակված քննչական գործողության կատարելը չէր կարող հանգեցնել ապացույցների կորուստի, բացի այդ, վկաների տրված ցուցմունքների միջեւ էական հակասություններ չեն եղել, որպիսի պայմաններում ավագ քննիչ Տ.Ն-ի արարքում բացակայում է իրավախախտման փաստը»: Հարկ է նշել, որ, եթե նույնիսկ առկա են քննիչի նման գնահատականի արժանացած հակասություններ, այնուամենայնիվ առերեսման կատարումը կրկին մնում է քննիչի հայեցողությանը՝ օրենքը դա համարում է քննիչի իրավունքը, բացառությամբ, եթե հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում, որի դեպքում համաձայն ՀՀ ՔԴՕ 216-րդ 1-ին մասի՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում: Կարծում ենք՝ օրենսդիրը նմանօրինակ բացառություն սահմանել է՝ ելնելով մեղադրյալի առանձնահատուկ կարգավիճակից եւ գործի քննության բազմակողմանիության սկզբունքից:

Սակայն մենք այն տեսակետին ենք, որ այս դրույթն ունի առավել խորն արմատներ եւ գործի բազմակողմանի ու մանրամասն քննության ֆոնի վրա կոչված է նպաստելու մեղադրյալի պաշտպանության իրավունքի իրականացմանը, քանի որ ՀՀ ՔԴՕ 110-րդ հոդվածի 2-րդ կետի, 212-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ մեղադրյալը ցուցմունք է տալիս առաջադրված մեղադրանքի էության, ինչպես նաեւ գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ:

Սա նշանակում է, որ եթե կան էական հակասություններ մեղադրյալի տված եւ դատավարությանը մասնակցող այլ անձի ցուցմունքներում, ապա դրանք կարող են վերաբերել բուն մեղադրանքի էությանը եւ շատ հնարավոր է, որ դրանց բացահայտումը կամ վերացումն ազդի մեղադրյալին առաջադրված մեղադրանքի ծավալի վրա՝ էապես թեթեւացնելով վերջինիս վիճակը: Ավելին՝ մենք այն կարծիքին ենք, որ օրենսդիրը, կարեւորելով մեղադրյալի կարգավիճակը վերը նշված հանգամանքների ուժով, դրա հետ մեկտեղ պետք է նշեր նաեւ կասկածյալի մասին, քանի որ վերը նշված հարցերը կարող են առաջանալ կասկածյալին առաջադրված կասկածանքի առթիվ:

Հետեւաբար, կարծում ենք, որ ՀՀ ՔԴՕ-ի 216-րդ հոդվածի 1-ին կետը նպատակահարմար է վերախմբագրել հետեւյալ կերպ. «Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան կասկածյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում, մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում»: Այս առումով հատկանշական է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 224-րդ հոդվածը, որը կարգավորում է առերեսման կատարման կարգն ու պայմանները, ի տարբերություն գործող ՀՀ ՔԴՕ 216-րդ հոդվածի, քննիչի համար առերեսումը կատարելու իրավունք կամ պարտականություն չի առանձնացնում՝ ընդամենը հոդվածի 1-ին մասում սահմանելով. «Առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ»: Կարծում ենք՝ Նախագծի նման իրավակարգավորումները քննչական աշխատանքի կազմակերպման ու տակտիկական նկատառումերով առավել ընդունելի են, քանի որ չի սահմանափակում քննիչի ինքնուրույն տակտիկական որոշումներ ընդունելու իրավունքը:

Այսպիսով, առերեսումը վկաների, տուժողների, կասկածյալների, մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, փորձագետների շրջանակից նախօրոք հարցաքննված երկու անձանց միաժամանակյա հարցաքննությունն է գործի միեւնույն հանգամանքների շուրջ՝ վերլուծելով ու համադրելով ստացվող ցուցմունքները, դրանցում առկա էական հակասությունները վերացնելու եւ գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով: Մասնագիտական գրականության մեջ արդարացիորեն նշվում է, որ, թեեւ քրեադատավարական ձեւական պահանջները թույլ են տալիս փորձագետի մասնակցությամբ կամ միմյանց միջեւ առերեսում կատարելու, սակայն տակտիկական տեսանկյունից այն նպատակահարմար չէ իրականացնել, քանի որ փորձագետի հարցաքննության առարկան խիստ որոշակի է: Միանգամայն համաձայնելով նշված տեսակետին՝ ավելացնենք, որ դատավարական ու տակտիկական տեսանկյունից վիճելի է փորձագետներին միմյանց կամ դատավարության այլ մասնակիցների հետ առերեսելը՝ ՀՀ ՔԴՕ-ով կրկնակի փորձաքննությունների նշանակման հիմքերի, ինչպես նաեւ փորձագետի ցուցմունքի՝ որպես ապացույցի առանձին տեսակի չնախատեսված լինելու համատեքստում: Միեւնույն ժամանակ առերեսումն իր բնույթով բարդ քննչական գործողություն է, որի արդյունավետ իրականացումը պահանջում է նաեւ որոշակի պայմանների ապահովում:

Այսպես, նախեւառաջ ցուցմունքներում էական հակասությունների առկայությունը դեռեւս առերեսում կատարելու հիմք չէ: Նախ, առերեսումը կարող է լինել լրիվ անօգուտ, քանի որ կարող է հանդիսանալ նախկին ցուցմունքների կրկնություն: Բացի դրանից՝ առերեսումը կարող է բարդացնել քննության ընթացքը: Առերեսման կատարման մասին որոշում ընդունելիս քննիչը պետք է վստահ լինի, որ առերեսման մասնակիցները կդիմանան այն հոգեբանական ազդեցությանը, որն անխուսափելի է առերեսման ժամանակ: Բոլորը չեն, որ կարող են ցուցմունք տալ այն անձի ներկայությամբ, որը կարող է դատապարտվել այդ ցուցմունքներով: Հետեւաբար, չնայած քրեադատավարական օրենքի պահանջին, նպատակահարմար չէ առերեսում կատարել մեղադրյալի եւ իր բարեկամների միջեւ, քանի որ խղճահարության զգացման ազդեցության տակ անձը կարող է փոխել ցուցմունքը հօգուտ մեղադրյալի:

Եվ վերջապես քրեադատավարական օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել առերեսման հետեւյալ փուլերը.

1.Առերեսման նախապատրաստական փուլ, որի նպատակը ցուցմունքներում առկա հակասությունների գնահատումն է, առերեսվողի անձի, նրա անձը բնութագրող տվյալների ուսումնասիրումն է: Այս փուլի ընթացքում քննիչը պարզում է առերեսվողների ինքնությունը եւ նրա հարաբերությունները դատավարության մյուս մասնակիցների հետ,

2.Ազատ շարադրանք, որի ընթացքում առերես հարցաքննվողը հայտնում է գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի հանգամանքները,

3.Առկա էական հակասությունների մասով ցուցմունքների որոշակիացման, ճշտման եւ լրացման համար հարցերի առաջադրում,

4.Առերեսման արդյունքների դատավարական ամրագրում: Ելնելով յուրաքանչյուր փուլի առանձնահատկություններից եւ նպատակներից՝ կրիմինալիստիկայում մշակվել են դրանց արդյունավետությունն ապահովող մի շարք տակտիկական հնարքներ: Այսպիսով, ամփոփելով տարբեր հեղինակների տեսակետներն ու քրեադատավարական իրավակարգավորումները՝ գտնում ենք, որ առերեսումն ինքնուրույն քննչական գործողություն է, որի հիմնական նպատակը (ի տարբերություն հարցաքննության) քրեական գործով քննության ընթացքում առաջացած էական բնույթ ունեցող հակասությունների պարզաբանումն է:

Առերեսմանը բնորոշ են հետեւյալ հիմնական հատկանիշները, որոնցով վերջինս տարբերվում է քննչական մյուս գործողություններից.

  • դատավարական կարգավիճակ ունեցող երկու անձանց միաժամանակյա հարցաքննություն,
  • առերեսվող անձանց քրեադատավարական կարգով պարտադիր հարցաքննված լինելը,
  • առերեսվող անձանց ցուցմունքների միջեւ առկա էական հակասությունների առկայություն,
  • ցուցմունքների միջեւ առկա էական հակասությունների այլ եղանակով պարզաբանման կամ վերացման անհնարինություն:

«Առավոտ» օրաթերթ
27.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930