Լրահոս
Օրվա լրահոսը

«70-ամյակը նշելու ավելի լավ ձեւ, քան ցուցահանդեսը, չկա»

Սեպտեմբեր 28,2022 13:00

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը՝ իր արվեստի, հոբելյանի ու ազատության մասին

Սեպտեմբերի 22-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի հոբելյանական ցուցահանդեսը: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասում է, որ ծննդյան 70-ամյակը նշելու ավելի լավ ձեւ, քան ցուցահանդեսն է, չկա: Նաեւ հավելում է, որ կարծիքներ եղան, թե այս օրերին ի՞նչ ցուցահանդես: Բայց ինքը այլ կերպ է մտածում: Թշնամին պետք է տեսնի, որ մեր երկրում ապրում են, ստեղծագործում ու չեն ընկճվում: Արամ Իսաբեկյանն ասում է, որ սա հետահայաց ցուցադրություն չէ, որովհետեւ այդ դեպքում պետք է Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող իր 22 աշխատանքներն էլ ցուցադրված լինեին, նաեւ դիմանկարների շարքը: Նկարիչը փոքրիկ փակագիծ է բացում` առաջիկայում Հայաստանի ազգային պատկերասրահին կնվիրի իր ստեղծած որոշ դիմանկարներ:

Ինչ վերաբերում է Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին, ներկայացված է 117 աշխատանք, որի կեսից ավելին վերջին շրջանի գործեր են: Ցուցահանդեսի ամենակարեւոր ուղերձը, ըստ նկարչի, հետեւյալն է. «Պիտի ապրենք ու արարենք: Մեր չուզողները շատ են, բայց չպետք է ընկճվենք: Ամենակարեւորը` մեր պետականությունն է, որ պիտի փայփայենք, որովհետեւ եթե պետականությունը չլիներ, ոչ մեր ակադեմիան կլիներ, ոչ նկարչությունը, ոչ էլ երիտասարդները ապագա կունենային: Պետականությունը մեր թիկունքում ունենալով՝ պետք է զարգացնենք եւ մշակույթը, եւ կրթությունը, եւ մնացած ամեն ինչը»:

Արամ Իսաբեկյանն ասում է, որ Երեւանում վաղուց չի ապրում, Աշտարակում է ստեղծագործում, իհարկե, նկարելիս մոռանում է, թե իր կողքին ինչ է կատարվում, բայց միեւնույն ժամանակ զգայուն է այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է հայրենիքում եւ ամբողջ աշխարհում: «Նկարելն է, որ ինձ փրկում է 1000 տեսակ բաներից»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Ու հավելում, որ արվեստով արձագանքել է Սումգայիթից մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհ ու պատերազմ: Իսկ Փարիզն իր համար առանձնահատուկ է, որովհետեւ այնտեղ են ապրում թոռնիկները:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ իր եւ ծնողների` Էդվարդ Իսաբեկյանի ու Արփենիկ Նալբանդյանի համատեղ ցուցահանդես ունենալու գաղափարին: Արամ Իսաբեկյանը համաձայնեց, որ գաղափարը լավն է, բայց ինքը չէ, որ դրանով պետք է զբաղվի: Ծնողների մասին խոսելիս էլ ասաց, որ զգայունությունը մորից է ժառանգել, իսկ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը` հորից: Իսկ ընդհանրապես իրեն կայացած եւ հաջողակ մարդ է համարում, որը երբեք ոչնչի համար չի զղջում ու կարեւորում է ազատությունը:


Հետաքրքրվեցինք` կա՞ն աշխատանքներ, որոնք առանձնահատուկ թանկ են իր համար: Արամ Իսաբեկյանն ասաց, որ դրանք իր զավակների ու հարազատ մարդկանց դիմանկարներն են, որոնց մեծ մասը ստացված է համարում եւ երբեք չի ցանկանա վաճառել. «Դրանք ստացված են, որովհետեւ այդ մարդկանց ես լավ գիտեմ: Ընդ որում՝ խոսքը դեմքի նմանության մասին չէ, ես հոգին եմ նկարում»:

Նկարիչը վստահ է, որ արվեստի հետ առնչվող մարդիկ 100 տոկոսով փոխվում են, եթե արվեստի գործ են նայում, կամ Բախ ու Հենդել են լսում ու գրքեր կարդում. «Այն մարդիկ էլ, որ չար են, ուրեմն փոքր ժամանակ հեքիաթներ չեն կարդացել, որովհետեւ հեքիաթում միշտ բարին հաղթում է չարին, ուրեմն իրենք չգիտեն Թումանյանն ինչ է, Թոմ Սոյերն ինչ է, Մայն Ռիդն ինչ է…»:


70-ամյակին էլ շատ հանգիստ է վերաբերվում, ասում է՝ ուղղակի ավելի իմաստնացած է. «70 տարեկանում չես անի այն, ինչ անում էիր 20-30 տարի առաջ, այլ հայացքով ես շատ բաների նայում, արդեն չեմ վիճում մարդկանց հետ, հիմարների հետ չեմ ուզում շփվել, նաեւ ոչնչով կաշկանդված չեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
27.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930