Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ` նրա կտավներում եղած խաղաղությունը փոխանցվի ամենքիս»

Սեպտեմբեր 28,2022 12:30

ՀՀ նկարիչների միության նախագահը՝ ցուցահանդեսի բացման օրվա խորհրդի մասին

ՀՀ նկարիչների միությունում Գայանե Խաչատրյանի հերթական անհատական ցուցահանդեսի բացման օրը՝ սեպտեմբերի 21-ը, հավանաբար, պատահական չէր ընտրված։ Ողջույնի խոսքում միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց. «Մեր ժողովրդի համար դժվարին ու խառնակ այս ժամանակներում եւ հենց մեր Անկախության օրն է բացվում Գայանեի ցուցահանդեսը։ Ես ցանկանում եմ, որ այն խաղաղությունը, որ կա նրա կտավներում, փոխանցվի ամենքիս…»։

Բնանկարի, դիմանկարի, կոմպոզիցիայի ժանրերում ներկայացված աշխատանքները, իսկապես, խաղաղություն են հորդում։ «Առավոտը», վստահ ենք՝ նաեւ կերպարվեստով հետաքրքրվողները, կմտաբերեն, որ մոտ 40 տարի ստեղծագործական ճանապարհ անցած գեղանկարչուհին մինչեւ 2000-ականների սկիզբը իր անհատական աշխատանքների ցուցադրությունները զուգակցում էր մենահամերգներով, հիանալի մեկնաբանելով հայկական ժողովրդական երգերից մինչեւ կոմիտասյան գոհարներ։ Նա նաեւ նկարահանվել է մի քանի ֆիլմերում ու տեսահոլովակներում։ Նրա որոշ աշխատանքներ վաղուց համալրել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական եւ այլ երկրների մասնավոր հավաքածուները։

Վերադառնալով ցուցահանդեսին, ներկայացնենք գործընկերների խոսքը Գայանե Խաչատրյան ստեղծագործողի մասին։

Մարտին Միքայելյան, արվեստաբան. – Մեզանում կա մեկը, որին չի խանգարում ոչ մի կանաչ-դեղին հարաբերություն (այս գույները միմյանց թշնամիներ են), ոչ մի ճիչ-աղմուկ, ոչ մի ագրեսիա։ Ինքն էլ չի խանգարում ոչ ոքի։ Դա Գայանե Խաչատրյանն է։ Նրա նկարները որեւէ ոճի մեջ հետեւողական չեն. տատանվում են նուրբ վարպետությունից մինչեւ ազատ ու անմիջական մակերեսներ։ Հայաստանի հողը Գայանեն զգում է ֆիզիկապես, իսկական նկարչի նման։

Թամար Հովհաննիսյան, արվեստագիտության թեկնածու.- Գայանեի գեղանկարչությունը նաեւ պոեզիա է ու երաժշտություն։ Բարձր, արհեստավարժ, զուտ մասնագիտական շնորհների հետ մեկտեղ, նրա գեղանկարչությունը ինքնատիպ գեղեցիկ եւ ոգեղեն համադրություն է աշխարհի ու մարդկային հոգու նրբին տեսողության։ Նրա շատ կտավներ, ի թիվս «Զարթոնք», «Սպիտակ քարեր», «Երփներանգ երեկո Շորժայում», «Ժայռեր», իրապես բանաստեղծություն են՝ արտահայտված գույնի եւ գծի ինքնօրինակ ոճով։ Իսկ, օրինակ՝ «Ջրհեղեղից հետո» կտավը խորիմաստ մի պատում է, որում ամեն մի դիտորդ կարող է գտնել սեփական հոգեմտային աշխարհին հարազատ ենթաիմաստ։ Սրանով է մեծապես հարուստ եւ արժեքավոր գեղանկարչուհու արվեստը։

Ստեփան Մինասյան, գեղանկարիչ.- Գունային նրբերանգների հրաշալի հրամցնողն է Գայանե Խաչատրյանը, որի անհատականությունը՝ որպես գեղանկարիչ, բացահայտ է եւ բնորոշ միայն իրեն։ Գրեթե բոլոր գործերում հայոց զովաշունչ կամ արեւկող օդն է։ Թեմատիկան՝ յուրօրինակ, ռոմանտիկ, լիրիկական զեղումներով, փիլիսոփայությամբ հագեցած։ Պետք է խոստովանել, որ թեմատիկան բավականին բարդ է, սակայն պարզ հնարքներով բացահայտվող։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930