Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են դրսեւորվում պաթոլոգիաները քաղաքական առաջնորդների մոտ

Սեպտեմբեր 28,2022 14:30

Եվ ի՞նչ նոր գիտելիք է ավելացնում հոգեբանական մոտեցումը՝ քաղաքական գործընթացները բացատրելու տեսանկյունից

Քաղաքագիտության մեջ կա մի ուղղություն, որը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքական վարքի հոգեբանական բաղադրիչին: 20-րդ դարի երկրորդ կեսին հետազոտողներն ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ մարդկանց քաղաքական վարքը, նրանց նախապատվությունները բացատրելու համար բավարար չէ դիտարկել միայն նրանց սոցիալական կեցությունը: Որովհետեւ՝ այդ դեպքում պետք կլինի ընդունել, որ այդ վարքի պատճառները զուտ ռացիոնալ են:

Օրինակ, զուտ բանական գործոնները հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ բանվորական միջավայրում ապրող մարդիկ ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալու են սոցիալիստներին: Սակայն այդ պարզունակ մոտեցումն իրական կյանքում միշտ չէ, որ գործում է: Եվ դրա բացատրություններից մեկն այն է, որ մարդիկ ղեկավարվում են ոչ միայն այն հաշվարկով, թե ո՞ր քաղաքական ուժն է իշխանության գալու դեպքում իրենց առավել օգտակար լինելու, այլ նաեւ հոգեբանական շարժառիթներով, այդ թվում՝ բնազդներով:

Բայց հետաքրքրիրն այն է, որ, ըստ այդ տեսության, բնազդներով առաջնորդվում են նաեւ քաղաքական գործիչները, առաջնորդները, եւ այստեղ նույնպես հետաքրքիր հետազոտությունների ասպարեզ է բացվում: Հայտնի է, որ դեռեւս Զիգմունդ Ֆրոյդը ամերիկացի դիվանագետ Ուիլյամ Բուլիթի հետ համատեղ գրել էր մի հետազոտություն, որը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հոգեբանական դիմանկարն էր: Հեղինակներն, ի թիվս այլ եզրակացությունների, նշում են, որ Վիլսոնը վստահ էր, թե աշխարհում քրիստոնեական առաքելություն է ներկայացնում եւ համաձայնել էր, որ իր երկիրը մտնի առաջին համաշխարհային պատերազմի մեջ միայն այն բանից հետո, երբ նրան համոզեցին, որ դա արվում է մոլորակը փրկելու նպատակով:

Սակայն կան, իհարկե, բնազդների ավելի չարագործ դրսեւորումներ: Ամերիկացի քաղաքագետ Ռոբերտ Թաքերը, դիտարկելով Ստալինի անձը, նշում է, որ նրա ինքնասիրությունը վիրավորվում էր, երբ իրեն ստորադասում էին իր պատանեկության կուռքին՝ Լենինին: Հենց այդ պատճառով էլ նա ոչնչացնում էր մրցակիցներին, այն մարդկանց, որոնց հետ սկսել էր հեղափոխական պայքարը:

Գերմանացի հոգեբան եւ ընկերաբան Էրիխ Ֆրոմը, նկարագրելով Հիտլերի բնազդները, ընդգծում էր, որ նացիոնալ-սոցիալիստների առաջնորդը խորապես խոցվել էր, երբ 1923 թվականին, Մյունխենյան խռովության ժամանակ տեսել էր, որ պայքարողների շարքերում են նաեւ հրեաները, որոնց նկատմամբ նա ատելությամբ էր լցված: Հիտլերը, ըստ գերմանացի հոգեբանի, իրեն այդ պատճառով նվաստացած էր զգում եւ իր հետագա գործունեության ընթացքում ամեն ինչ անում էր այդ նվաստացման համար վրեժխնդիր լինելու նպատակով:

Հոգեբանական բացատրություններն, իհարկե, չեն կարող ծածկել քաղաքական երեւույթների ողջ ներկապնակը, բայց դրանք կարող են որոշակի տեղեկություն տալ այս կամ այն երկրի քաղաքական մշակույթի տարբեր երեւույթների մասին: Օրինակ, դրանով կարող ենք գնահատել, թե որքանով է տվյալ հասարակության համար ընդունելի բռնությունը: Ստացվում է, որ բնազդներն արտահայտվում են երկու մակարդակով՝ վերնախավի ներկայացուցիչների եւ շարքային քաղաքացիների: Օրինակ՝ Հիտլերի՝ ինքնահաստատվելու հիվանդագին ձգտումը ներդաշնակվում էր այն ժամանակվա գերմանացիների մեծամասնության նվիրական զգացմունքների հետ:

Բնականաբար, չհամեմատելով քաղաքական ռեժիմները եւ պատմական հանգամանքները, կարող ենք նկատել, թե ինչպես են պաթոլոգիկ բնազդներն արտահայտվում քաղաքական տարբեր առաջնորդների մոտ: Պուտինն, օրինակ, իր սրբազան առաքելությունը տեսնում է նրանում, թե իբր կոչված է փրկելու «ռուսական աշխարհը»՝ վերջինիս «հոշոտող» Արեւմուտքից: Թե ինչ գին ունեն այդ ֆանտազիաները՝ այսօր տեսնում ենք բոլորս:

Որքան փոքր են պետությունները, այնքան մանր են ինքնահաստատման ձգտումները: Օրինակ՝ բռնություն գործադրել իր դեմ բողոքող որդեկորույս ծնողների հանդեպ: Հիշեցի նաեւ ավելի վաղ տեղի ունեցած մի դեպք: Անհեթեթ մեղադրանքով ձերբակալվածին դիմակավոր մարդիկ տանում են ԱԱԾ միջանցքով: Հանկարծ դիմակավորներն առանց որեւէ պատճառի ոլորում են ձերբակալվածի ձեռքերը եւ այդպիսով ստիպում են նրան կռանալ: Մի քանի վայրկյան այդպես են տանում, լուսանկարում են, այնուհետեւ, վերադառնում են ելման դիրքին: Պարզ է, չէ՞, թե ում համար էր արվում այդ լուսանկարը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930