Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաշագործը՝ Գյումրու թատրոնի բեմում․ ո՞վ է գյումրեցիներին ցնցած 9-ամյա աղջիկը

Սեպտեմբեր 27,2022 23:59

Գյումրու դրամատիկական թատրոնում 157-րդ թատերաշրջանը սկսվեց լեփ-լեցուն դահլիճով, հուզական մի ներկայացմամբ, որը բեմադրվել է ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսի հիման վրա։

Ներկայացումը չլսող ու չխոսող երեխայի մասին է, որը, սակայն, ի շնորհիվ դաստիրակչուհու՝ սկսում է խոսել, կամակոր «հրեշից» վերածվում հրեշտակի։

Դաստիարակչուհին մեծ չարչարանքներից հետո արթնացնում է երեխայի գիտակցությունը՝ ցույց տալիս, որ ցանկության դեպքում անհնարին ոչինչ չկա։

2 գործողությամբ դրամայի ընթացքում գյումրեցի հանդիսատեսը երեխայի ծնողների ու դաստիարակչուհի հետ հավասար տառապում էր, երբեմն տխրում, հուսահատվում, արտասվում, իսկ վերջում այնպես հրճվում, որ չէր թողնում գլխավոր դերակատարներին բեմից հեռանալու։

Բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է։ Նա ներկայացումը սկսվելուց առաջ հայտարարեց, որ այն ինչ կատարվելու է բեմում, իրական է, դաստիարակչուհին և երեխան իրական անձինք են, նրանք ապրել են 19-րդ դարի վերջերին։

«Պետք է ուշադրություն դարձնել մատաղ սերնդի վրա, ծնողին հարցնում ես՝ ո՞նց ես նայում երեխային, պատասխանում է՝ կերակրում եմ, հագցնում եմ, բայց գիտակցությունն արթնացնելն ամենակարևորն է, որպեսզի նա հասկանա, թե ինչ անելիք ունի այս աշխարհում։

Առանց այն էլ մենք մեր երեխաներին թողնում ենք կիսաքանդ երկիր, եկեք դրանում իսկապես մեղա գանք մեր երեխաների առաջ։

Ես ինքս 77 տարեկան մարդ եմ, Աստված տա, մի 10 տարի էլ ապրեմ, բայց վաղը․․․ Մեր երեխաները վաղվա երկիրը կարողանան կառուցել, դրա համար պետք է ամեն ինչ անել, որ չդառնան ֆեյսբուքի օգտատերեր, այլ իսկապես դառնան հզոր, մտածող, գիտակից անձինք», -ասաց Նիկոլայ Ծատուրյանը։

«Հրաշագործը» երկու թատրոնների՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի համատեղ ներկայացումն է։

Այն հանդիսատեսի դատին հանձնվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհի շրջանակում։ Գործընկեր է դարձել նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը։

Գյումրու թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կբացատրի Գյումրու թատրոնի ֆենոմենը․ սահմանին լարված իրավիճակ է, Գյումրիում անտրամադիր են, չնայած դրան՝ դահլիճում ազատ տեղ չկա։

«Մենք կոփվել ենք, ոնց որ ազգն ու երկիրն են կոփվել, այնպես էլ թատրոնը։ 1988 թվականից սկսած, երբ երկրաշարժ է եղել, մի քանի ամիս անց վարագույրները բացվել են, լեփ-լեցուն դահլիճ է եղել։ Վշտի, ցավի մեջ գյումրեցին գալիս է թատրոն։

Վերջին 5-6 տարիներին կարծես պատրաստ լինենք․ 2016 թվականին, երբ պատրաստվում էինք «Լիր արքայի» առաջնախաղին, սկսվեց քառօրյա պատերազմը, ապրիլի 7-ին մենք ներկայացումը խաղացինք։

2020 թվականին, երբ «Վերելք» ներկայացումն էինք անում Վարդան Պետրոսյանի հետ, սկսվեց պատերազմը, բայց մենք որոշեցինք խաղալ, որովհետև զինվորի կողքին պիտի լինես, ամբողջ հասույթն ուղարկեցինք «Համահայկական հիմնադրամին»։

Այս տարի էլ երեք առաջնախաղի էինք պատրաստվում ու նորից սկսվեց պատերազմը։ Ուզում եմ ասել՝ մենք կոփվել ենք ու հասկացել մի շատ կարևոր բան․ ամեն մեկս պիտի մեր խրամատում լինենք ու մեր գործն անենք, թշնամին երբեք չպիտի տեսնի, որ թիկունքը ձեռքերը ծալած նստել է։ Մենք էլ մեր հերթին ենք բուժում, փորձում ենք լավատեսություն, սեր տալ հանդիսատեսին»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Ըստ նրա, խաղալն ինքնանպատակ չէ, ներկայացման թեման ոգևորում է հանդիսատեսին։

Երկու թատրոնների համատեղ ներկայացումը պիտի լինի երկու թատրոնների խաղացանկում։

«Հետագայում մեզ՝որպես գործընկեր, միացավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը, որովհետև խոսվում է մի շատ կարևոր թեմայի մասին․ հասարակությունը երբեք թույլ չպիտի տա հիվանդություն ունեցող մարդկանց նայել որպես հիվանդի։ Պիեսի ասելիքը հետևյալն է՝ եթե մարդը նպատակ ունի, պիտի բուժի, հասնի իր ուզածին, եթե նպատակդ բարի է, դու ցանկանում ես, մինչև վերջ պիտի գնաս ու կհաղթես, ինչպես տվյալ դեպքում հաղթեց հերոսուհին», -ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Ըստ նրա, արձագանքները շատ են, հատկապես մանկավարժներից ու բժիշկներից, որոնք կարևորելով իրենց մասնագիտությունները՝ միևնույն ժամանակ ասում են՝ Աստծո կամքով պիտի լինի ամեն բան։

Լյուդվիգ Հարությունյանի ասելով, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքը ագրեսիվ հարձակման ենթարկվեց, շատ թատրոններ հրաժարվեցին խաղալ, իրենք էլ այդ պահին չխաղացին, սակայն 2-3 օր հետո սթափվեցին՝ մտածելով դու էլ պիտի պայքարես։

«Թշնամուց ամեն ինչ սպասելի է, ամեն վայրկյան պատերազմի է պատրաստ, պիտի ամուր լինես, աշխատես։ Ուրախ եմ, որ համագործակցում ենք համազգային թատրոնի հետո՝ Նարինե Գրիգորյանի գլխավորությամբ։Կարծում եմ իր տեսակի մեջ առանձնահատուկ, յուրատեսակ թատերական նախագիծ է»,-ասաց մեր զրուցակիցը։

Ներկայացման գլխավոր հերոսուհին՝ կույր ու համր խաղացող երեխան՝ 9-ամյա Անգելինա Զագարյանը՝ Հելլենը, բառի իսկական իմաստով ցնցեց հանդիսատեսին։ Մարդիկ նստած տեղից բացականչում էին՝ «Տաղանդավոր, քեզ մեծ ապագա է սպասվում»։

Մենք Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հայտնաբերել 9-ամյա դերակատարուհուն, որը մոտ երեք ժամ տարբեր հույզեր առաջացրեց հանդիսատեսի մոտ՝ ստիպեց տխրել, արտասվել, հուզվել, մտնել իր ներաշխարհը։

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ Նիկոլայ Ծատուրյանն ու Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար (Նարինե Գրիգորյանը նա ներկայացման մեջ մարմնավորում է դայակին՝ Էննի Սյուրիվենին) քասթինգ են անցկացրել Երևանում, 40 երեխաներ են մասնակցել, որոնցից ընտրվել են երկուսը։

Պատահականության սկզբունքով ընտրվել է գյումրեցի Անգելինա Զագարյանը, որը դերասան, դրամատուրգ Բաբկեն Զագարյանի դուստրն է։

«Այն, ինչ աշխատանք տանում է 9 տարեկան երեխան, զարմանալի է․ խաղալ կույր և համր, իր մարմնով, աչքերով վերարտադրել հոգեվիճակը շատ դժվար է երեխայի համար, բայց պրոֆեսիոնալ, հասուն մարդու պես աշխատեց։

Նարինե Գրիգորյանը և պարոն Ծատուրյանը մանրակրկիտ աշխատեցին երեխայի հետ, նրանք առանձնահատուկ դեր ունեցան։ Հանդիսատեսը մոռացել էր, որ ինքը թատրոնում էր, որ սա ներկայացում է․ նրանք իրոք հավատացին, որ կատարվեց այդ հրաշքը, գուցե նաև պայմանավորված է մեր ապրած ժամանակով․ մենք սպասում ենք հրաշքի։ Չպիտի հույսը կորցնել, հրաշքներ լինում են»,-վստահեցնում է Լյուդվիգ Հարությունյանը։

Ներկայացման բեմադրությունը Նիկոլայ Ծատուրյանինն է, նկարչական ձևավորումը՝Գարեգին Եվանգուլյանինը, երաժշտական ձևավորումը Հայկ Իսրայելյանինը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանինը։

Գլխավոր դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է, 9-ամյա Անգելինա Զագարյանը, երեխայի հոր՝ կապիտան Քելլերի դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն է, մոր՝ Քեյթ Քելլերի դերակատարը Արփինե Մխիթարյանն է, եղբոր՝ Ջեյմս Քելլերի դերակատարը՝ Սարգիս Ղարիբյանն է։

Թատրոնի մյուս ներկայացումը, որը կհանձնվի հանդիսատեսի դատին հոկտեմբերի 1-ին, ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Միզրին» է։ Այն, ըստ Լյուդվիգ Հարությունյանի, իր բեմադրաոճով, ասելիքով տարբերվում է։ Թատերասրահը տվյալ դեպքում պիտի լինի բեմահարթակը, ներակայացումը ետնաբեմում է։ Ներկայացման տոմսերը վաղուց սպառված են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930