Այսօր վարչական վերաքննիչ դատարանի մոտ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ցույց էին կազմակերպել: Այս դատարանում պետք է «քիմիկների զորամասի» գործով հերթական նիստը լիներ, սակայն մեկ օր առաջ ծնողներին հաղորդել էին, որ նիստը հետաձգվելու է: Այսօր պարզ է դարձել, որ դատական նիստը այնուամենայնիվ կայացել է՝ առանց նրանց մասնակցության: Ծնողները բարկացած գնացել են դատարանի շենք ու պահանջում են իրենց իրավունքները վերականգնել:
Դատական կարգադրիչներն ասացին, որ ծնողներից երկուսը կարող են մտնել դատարան, պարզել, նրանք չհամաձայնեցին՝ ասելով. «Ամեն մեկս մի երեխու ծնող ենք, բոլորով պիտի բարձրանանք ու պարզենք՝ գիշերվա 1-ին այստեղ ի՞նչ է փոխվում, որ որոշում են նիստ անեն»: Ծնողները վրդովված էին իրենց հանդեպ նման վերաբերմունքից. «40 ծնողի մեկ տանում հասցնում են Գորիս՝ տարբեր ռայոններից՝ Հոկտեմբերյան, Արմավիր, Մասիս: Սաղիս եկել է մեղադրական եզրակացությունը ու Մակարյանը հելնում ասում է՝ ես մեղադրական եզրակացություն չեմ ստացել: Դատը չեղարկվում է: Դրանից հետո գալիս ենք, ապացուցում ենք, որ ինքը ստացել է, տակն էլ ստորագրել է: Ինչի՞ իր վզից չեն բռնում: Գորիս հասնելը հե՞շտ է խի: Ասեցինք, որ Գորիս գնալը դժվար է, տեղափոխեն Երեւան: Ո՞վ է, որ մեզ զանգել, ասել է՝ այսօր նիստ չի լինելու: Երեւի ի՞նքն էլ է ուզում մտնի տապոռի տակ: Մեր հեռախոսների մեջ իր համարը կա»:
Ծնողներից մեկը դժգոհում էր. «Էն օրի ենք հասել, որ այսօր ծնողների վրա են գործ հարուցում: Բերաններս փակենք ու չպահանջե՞նք մեր երեխեքին: Ինչի՞ ձեր երեխեքին չտարաք, ձեր երեխու արյունը թա՞նկ էր: Երկու տարի դատ չեն կարում անեն, է՞դ էլ է թուրքը մեղավոր»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսևորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ: Նրան սպառնում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում: Մակարյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատուն է եղել: Նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ, քանի որ Մակարյանը, անձնակազմին տալով «նահանջ» հրաման: Արդյունքում շրջափակման մեջ հայտնված 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Ծնողներն ասում էին. «Երեխա էինք ձեզ տվել, որ գիշերով երեխեքի ճակատագիրը դուք որոշեի՞ք, Աբգարյան Արսենը իր տղային ինչո՞ւ չէր տարել: Փոխանակ դավաճանները մինչեւ հիմա փտեին, սատկեին պադվալներում, ծնողների վրա գո՞րծ են հարուցում: Տեսնես ինչքա՞ն են այս սուտի գեներալները փող տվել, որ մեր դատը առաջ չի գնում: Տվել են, որ հետաձգում են: Հլը մի հատ հավի ճուտ սատկացրեք, սաղիդ կտանեն կփակեն նույն վայրկյանին: Եթե իրենց թաղելու համար պիտի գործ հարուցեն, թող իմանան՝ մենք օրը 15 անգամ իրենց թաղում ենք: Ուղղակի ափսոս է, որ այս հողի մեջ իրենց թաղեն, պիտի վառեն ու փոշին ուղարկեն Ադրբեջան, որովհետեւ թուրքը իրենք են: Աշխարհը գիտեր՝ էդ գրաված տարածք է, ինչի՞ տարար հանձնեցիր, ինչքա՞ն գումար աշխատեցիր»:
Ծնողները հարցադրումներ էին անում. «Սաղ ցածր խավի երեխեքը գնացին զոհվեցին, մի հատ չինովնիկի երեխա գնացե՞լ է: Ապահով իրենց տներում էին: Երեխուս ձեռից խլել են, տարել հանձնել են թշնամուն, էսօր մայրը իրավունք չունի՞ պահանջի»:
Անհետ կորած զինծառայողների մայրերը զարմացած էին՝ 2 տարի մի Մակարյան չե՞ն կարողանում դատել, 40 երեխա այսօր չկա, ո՞վ պետք է պատասխան տա. «Դատախազ չունե՞նք: Սաղ իրենց աթոռները բռնած, նստած են»: Մայրերից մեկի խոսքով՝ «Դատը Գորիսում է, ասում են՝ իրավունք չունենք այստեղ գանք ու պահանջենք: Դանակ լիներ ձեռքս՝ կդանակեի, էսօր իմ երեխուց թանկ ոչ մի բան չունեմ: Մայր եմ, առանց ամուսնուս որբ եմ պահել, մեծացրել, էսօր երեխուս պահանջելու իրավունք չունե՞մ, երկու տարի է՝ անհայտության մեջ է: Կարո՞ղ է մենք մեռնենք,մեր երեխեքին այդպես էլ չտեսնենք: Ծնող ենք, կարող է մի բան էլ ավել խոսանք, խոսալու համար գո՞րծ են հարուցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ