Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի». Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 27,2022 18:06

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով

Պարո՛ն նախարար, սիրելի՛ Նիկոս,

Թանկագի՛ն բարեկամ,

Տիկնայք և պարոնայք,

Ընդամենը օրեր առաջ Նյու Յորքում կարևոր հանդիպում ունեցանք` Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, և ահա այսօր ուրախ եմ Երևանում հյուրընկալել իմ լավ բարեկամ և գործընկեր Նիկոս Դենդիասին և իր գլխավորած պատվիրակությանը։

Թույլ տվեք, ի դեմս Ձեզ, պարո՛ն Դենդիաս, շնորհակալություն հայտնել Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային։ 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում Ձեր գտնվելն այն համերաշխության ու աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել անդրադառնալու հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։ Անցած 30 տարիներին մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն, համագործակցություն տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում։

Արձանագրել ենք, որ արդյունավետ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք այս կարևոր ձևաչափն էլ ավելի զարգացնել և ծառայեցնել մեր երեք երկրների կենսական շահերի առաջմղմանը:

Այսօր մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:

Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական ու հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի ու ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում՝ արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Միաժամանակ, միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:

Այսօր անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ցանկանում եմ հիշեցնել, որ երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները :

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը, և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն։

Այսքանով թերևս ամփոփեմ ելույթս և խոսքը սիրով փոխանցեմ եմ Ձեզ, հարգելի գործընկեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930