ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, համաձայն որի, նույն օրը՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության հիշյալ աշխատակցին մոտեցել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և հայտնել, որ լավ չի զգում` խնդրելով իրեն տեղափոխել հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության աշխատակիցը նստելով հիշյալ ավտոմեքենան, օգնություն խնդրած անձին և մեքենայում գտնվող ուղևորին տեղափոխել է հիվանդանոց, այդ ընթացքում վերջինս առանց որևէ պատճառի սկսել է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության աշխատակցի հասցեին, քաշքշել նրան և հարվածել վերջինիս քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նա Երևան քաղաքի՝ 1975թ. ծնված բնակիչ է:
Կարդացեք նաև
Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե