Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Երևան և նշել հայ-հունական հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է Նյու Յորքում կայացած Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման կարևորությունը՝ մարտահրավերներին համատեղ դիմագրավելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով հարաբերություններն ընդլայնելու առումով: Վարչապետը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:
Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացումը: Նա նշել է, որ Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումը եղել է արդյունավետ ու քննարկումներն այդ ձևաչափով կրելու են շարունակական բնույթ: Հունաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ հույն և հայ-ժողովուրդներին միմյանց է կապում դարավոր բարեկամությունը և իրենք հանձնառու են երկկողմ փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Կառավարության ղեկավարը ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:
Կարդացեք նաև
Նիկոս Դենդիասը հավելել է, որ Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ