Գյումրու «Շիրակ» գերեզմանատանը գտնվող զինվորական պանթեոն այսօր մարդկանց հոսքը չէր դադարում․ տեղի իշխանության ներկայացուցիչներ, մեծ թվով զինվորականներ, դպրոցահասակներ հերթով այցելում էին բոլոր նահատակների շիրիմներին՝ հարգանի տուրք մատուցելով, ծաղիկներ խոնարհելով ու խնկարկելով։
Պանթեոնում հուղարկավորված են 44-օրյա պատերազմում մարտիրոսված 92 զինվորների աճյուններ, 28-ը հանգչում են ընտանեկան գերեզմանոցներում։
Պանթեոնում ավելացել էր նահատակների թիվը․ այստեղ էին հուղարկավորել նաև սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա կատարած ագրեսիվ հարձակումից զոհված 19-ամյա Սերյոժա Գրիգորյանին։
Այսօր լացի ձայներ չէին լսվում․ կարծես բոլորը քարացած լինեին, սևազգեստ կանայք, մայրերը, գրկած որդիների, ամուսինների տապանաքարերը, լուռ խոսում էին նրանց հետ։
Կարդացեք նաև
Հարազատների փոխարեն խոսում էին շիրիմների վրա արված գրառումները, որոնք արտահայտում են սրտի ցասումը, մորմոքը, երբեմն վերածվում պահանջի ու աղերսանքի։
Գևորգ Ածիկի Պետրոսյանի շիրիմին գրված է․
«Պատերազմ լինի,
Թե խաղաղ գիշեր,
Զինվորին պե՛տք է ամեն պահ հիշել»։
Արտյոմ Յարալյանի շիրմին էլ գրված է․
«Ինչու սերդ կիսատ թողիր,
Նպատակդ՝ անկատար,
Ազգիդ համար հավերժ արծիվ
Լուռ ճախրում ես անդադար»։
Այսօր առավել հուզիչ էր դպրոցականների այցը․ տարբեր դպրոցների աշակերտներ մեծ ավտոբուսներով շտապում էին «Շիրակ» գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու։
Գյումրու քաղաքային իշխանության այցի ժամանակ մատուցվեց հոգեհանգստի կարգ։
Տեր Հակոբ քահանա Գրիգորյանն, աղոթք բարձրացնելով առ Աստված, խրոխտ ելույթ ունեցավ։
«Երկու տարի առաջ այս օրը սկսվեց մի արհավիրք, պատերազմ, մայր հողը հարստացավ իր զավակներով։ Իսկ մենք այսօր այստեղ ենք՝ հիշելու իրենց, անուն առ անուն խոնարհվելու, յուրաքանչյուրի կատարածի առաջ և վկայելու, որ իրենց կյանքի գնով պահված, պահպանված, վերապրած հայրենիքը մենք էլ պատրաստ ենք նույն գնով պահել և ապրեցնելու։ Թող հանգիստ լինի մեր բոլոր եղբայրների, զավակների, զինակից ընկերների շիրիմներին», -ասաց Տեր Հակոբ քահանան։
Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ևս պատարագ մատուցվեց։