«Ինչպես խոստացել էինք, գիշերը լուսացրել ենք այստեղ։ Տիկնոջս հետ եղանք տղայիս մոտ։ Գիշերը կինս վատացավ․․․Մենք ցանկանում ենք, որ իշխանությունից որեւէ մեկը այստեղ չգա, հանձինս իրենց Նիկոլ Փաշինյանի։ Նա սպանել է մեր տղաներին եւ իրավունք չունի այստեղ գալու։ Թող գնա այնտեղ, որտեղ իր ներկայությունը պահանջված է։ Իր ներկայությունից մեր մի ցավը երկու է դառնում»,-Եռաբլուրում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2020թ․-ի պատերազմում անմահացած Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
Երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» իր աղբյուրին հղում անելով՝ գրել էր, որ կառավարության անդամներն այսօր՝ պատերազմի երկրորդ տարելիցի օրը, չեն այցելի «Եռաբլուր» պանթեոն՝ իրավիճակն առավել չբորբոքելու համար, քանի որ սադրանքներ են նախապատրաստվում։ Այս առնչությամբ Վահիդ Սահակյանը նշեց․ «Այդ սադրանքը գիտե՞ք ովքեր են ստեղծում՝ ԱԺ աթոռներին նստածները։ Այն ծնողներին, որոնք մեր բախտակիցներն են, կոչ եմ անում նախեւառաջ մեր մոտ գալ։ Ծնողներ ջան, ձեր ցավը մենք կարող ենք կիսել։ Ոչ Նիկոլը, ոչ էլ ուրիշ մեկը չեն կարող ձեր ցավը կիսել։ Մենք ենք, որ գիտենք ձեր ցավը, որը մինչեւ կյանքի վերջ տանելու ենք։ Ոչ մի պաշտոնյա ձեր ցավը չի կիսելու»։
Սահակյանն ամոթանք տվեց այն ոստիկաններին, որոնք Անկախության տոնի օրը պանթեոնում քաշքշեցին հերոսների ծնողներին․ «Բոլորիս մարմնական վնասվածք հասցնելով՝ հեռացրին։ 1915թ․-ին օսմանյան Թուրքիայում սկզբից հավաքեցին մտավորականներին, հետո՝ տղամարդկանց, եւ սկսվեց կանանց ու երեխաների ջարդը։ Ծնողներիս հետ վարվեցին նույն կերպ։ Սկզբից մեկուսացրին տղամարդկանց, հետո կանանց առեւանգեցին անամոթաբար։ Սովորական ոստիկանների հետ ես խնդիր չունեմ, նրանք ծառայում են, բայց կարմիր եւ սեւ բերետավորները փողի համար ամեն ինչ կանեն եւ մայրերի դեմ անհավասար ուժ կգործադրեն։ 63-ամյա տիկին Գոհարին չորս խուլիգաններով, գլուխը ներքեւ պահած տարան շպրտեցին․․․որ կաթված ստանա՞ր։ Այն հաստավիզ լեյտենանտը թող իմանա, որ նրա որդին անհետ կորած է, եւ մի օր հետ գալուց հաշվեհարդար կտեսնի»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան, երբ ծնողները Եռաբլուրում էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանի մուտքը, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ու մարմնական վնասվածքներ հասցնելով՝ նրանց հեռացրեց տարածքից։
Կարդացեք նաև
Վահիդ Սահակյանն այնուհետեւ դիմեց սոցցանցերում ծնողների հասցեին չարախոսողներին․ «Թող աթոռներին նստած մեր մասին որեւէ վատ բան չգրեն։ Թող գան այս հարթակ, մեր դիմաց կանգնեն ու ասեն, որ մենք սխալ ենք։ Քաղաքավարի պատասխան կտանք եւ կապացուցենք, որ մենք ճիշտ ենք։ Որեւէ հարցազրույցի տակ մի բառ մի գրեք, մի վայրահաչեք, թե մենք ծախված ենք։ Տղաս՝ Ժորան, 4,5 լիտր արյուն է կորցրել հայրենիքը պաշտպանելիս։ Եթե մի կաթիլ արյունը փոխեմ փողի հետ, ուրեմն ես սրբապիղծ եմ։ Ամոթ է, մի գրեք նման բաներ, մեր վրա ցեխ մի շպրտեք»։
Դառնալով այն փաստին, որ իշխանական վերնախավն այսօր չեկավ պանթեոն՝ Սահակյանը շեշտեց․ «Իրենց դաս եղավ, որ իրենք ոչ ցանկալի հյուր են մեր համար։ Մեր տղաների անունից ենք ասում։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ մեր տղաների կյանքը հնարավոր էր փրկել։ Կրկնում եմ, որ իրեն պետք էր զոհերի թիվ, որպեսզի ասի, թե «պայքարել» է։ Իսկ այսօրվա զոհերն ինչո՞ւ համար են։ Ծնողներին խնդրել էինք գալ մեզ սատարել, որ այդ խուլիգանին հանենք իր աթոռից։ Չեկան, դա հասավ իրենց ընտանիքներին։ Սրտի ցավով եմ ասում։ Որպեսզի սա չշարունակվի, ծնողներին կոչ ենք անում միանալ մեզ ու սրան հեռացնել։ Ինչքան Փաշինյանը մնա, այնքան զոհ ու տարածքային կորուստ ենք ունենալու։ Նա այսօր Արցախի անունը չի տալիս, մեր տղաներն Արցախի համար զոհվեցին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ