«Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ այս գաղափարական պայքարը տարել ենք դեռ վաղուց։ Վստահ եմ, որ նա չի փոխել իր մոտեցումները։ Այն տեսակն են, որ համարում են, որ հայ ժողովուրդն անկարող է եւ ամեն ինչ անում են ապացուցելու համար, որ մենք անկարող ազգ ենք, եւ մենք պետք է այստեղ ապրենք զուտ թուրքերի, ադրբեջանցիների բարեհաճության շնորհիվ։ Սա է իրենց ասածը։ Հստակ արտահայտեց, որ պետք է պատրաստվել կապիտուլյացիայի»,-այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարություններին եւ նախկին երեք նախագահների եւ կաթողիկոսի հանդիպմանը։
Ռուստամյանի խոսքով՝ մեր նպատակը պետք է լինի համախմբումը․ «Այն, ինչ Տեր-Պետրոսյանն է ասում, եւ իր տեքստի մեջ գլխավոր հարցն այդ համախմբման խնդիրն էր։ Բայց մյուս մասն անհասկանալի էր։ Օրինակ՝ եթե ընդդիմությունն ու իշխանությունը պետք է գնան երկխոսության, լավ, գնան, բայց ինչի՞ շուրջ։ Այդ հարցն ինքը, եթե չասեմ՝ արհեստական կամ իրեն բնորոշ ոճով շրջանցեց, այդ հարցին չանդրադարձավ։ Իսկ ինչ վերաբերում է, որ գնանք Նիկոլ Փաշինյանին հարցնենք, թե ինչ տարբերակներ ունի, ապա Նիկոլ Փաշինյանի բոլոր տարբերակները տանելու են նույն տեղը՝ կապիտուլյացիա»։
Ինչ վերաբերում է 1-ին նախագահի կարծիքին, ըստ որի կապիտուլյացիան անխուսափելի է, ապա Ռուստամյանն ասաց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն անխուսափելիությունից խոսում է 90-ականներից․ «Անխուսափելի է, մենք պետք է հանձնվենք, որ կարողանանք այստեղ ապրենք։ Հետո գնում եք Նիկոլ Փաշինյանի հետ ճշտենք, թե որն է ավելի ցավալին։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այդքան ցավի զգացում չունի՞, որ ինքը որոշի՝ որն է ավելի քիչ ցավալի։ Թող ինքն էլ ընտրի։ Ես գնում եմ որ ի՞նչ, օգնե՞մ իրեն, որ զգա, թե ո՞րն է ավելի ցավալի։ Դուրս է գալիս, որ ինքն եկել է այդ հանդիպմանը՝ համոզելու մնացած բոլորին, որ եկեք հանձնվենք, գնանք , տեսնենք Նիկոլին ցույց տանք՝ որն է ցավալին, որն՝ անցավալին, որ դա էլ է ամենացավալին, բայց եկեք կապիտուլացվենք։ Աբսուրդի մեջ ենք հայտնվել։ Այս աստիճանի նսեմացված վիճակ ես չեմ պատկերացնում։ Բայց ասեմ, որ իրենք սկսել են հավաքվել, լուրջ պատասխանատվության տակ են մտել, ի վերջո պարտավոր են ապացուցել, որ մեր ազգը կարող է համախմբվել»։
Կարդացեք նաև
Ռուստամյանի խոսքով՝ սեղանին դրված է կապիտուլյացիայի փաստաթուղթ․ «Դա նշանակում է, որ դու կկորցնես այնքան, որ քո գոյություն ունենալը պարզապես նոմինալ գոյություն է, պետություն կլինի անունով, բայց բովանդակային առումով կկորցնի իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու կարողությունը։ Այսինքն՝ պետությունն այլեւս իր դերը չի կատարի ազգը պահպանելու առումով»։
Նա ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հարցազրույցում հնչեցրած մյուս բոթն այն է, որ մենք պետք է մոռանանք Արցախը, Հայաստանն այլեւս կապ չունի Արցախի հետ․ «Ինչ-որ տեղ ճիշտ է ասում։ Հայաստանն այսօր մնացել է ֆինանսավորողի կարգավիճակում։ Այն էլ նրա համար, որ ավելի լավ է այնտեղ մնան արցախահայերը, քան գան այստեղ խնդիրներ ստեղծեն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ