Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո 20 նոր գերեվարված անձինք ունենք. Սիրանույշ Սահակյան

Սեպտեմբեր 27,2022 15:27

Ադրբեջանն այս պահի դրությամբ Հայաստանին է վերադարձրել շուրջ 156 գերիների. նրանք հայրենադարձվել են ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ: Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Պատերազմի երկրորդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ չի արվել եւ ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առայսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ այս ընթացում ենթարկվել են բռնի անհետացման: Պաշտոնապես, Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ին պատերազմի վերսկսումը, կազմում էր 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպքեր: Դրանց ճնշող մեծամասնությունն արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում եւս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով եւ ավելի հստակ կկարողանանք հաստատել վերջին միջադեպերով գերիներին»,- ասաց Սիրանույշ Սահակյանը:

Պաշտպանը մանրամասնեց՝ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա՝ ներկայացնելով ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին. «Նաեւ այս ջանքերը լրացվում են այլ փաստաբանների կողմից: Միաժամանակ, կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաեւ գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաեւ հայրենադարձումը: Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից, կարծում եմ, իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով նաեւ աննախադեպ, որովհետեւ Հայաստանը նախկինում զերծ է մնացել որեւէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց: Պետությունն առաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում»:

Միակ բացը, որ կարելի է լրացնել իրավական գործընթացում, ըստ բանախոսի, Պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, քանի որ գործընթացները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերի լինելուց, եւ նրանք, որպես պատանդներ են պահվում, օգտագործվում են որպես միջոց՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով. «Նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից: Դրա համար կան բավարար փաստեր պնդելու, որ նրանք պատանդներ են»:

Իրավաբանի համոզմամբ, բոլոր ուղղություններով իրավական գործընթացները պետք է համադրել քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի հետ:

Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930