Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ծանրագույն իրավիճակից ելքը ընդդիմություն-իշխանություն կառուցողական երկխոսությունն է։ Ի պատասխան՝ Օհանյանն ասաց, որ 2018-ի իշխանափոխությունից հետո մի քանի անգամ ասել է, պատրաստ է անվտանգային հարցերով խորհուրդներ տալ առանց որեւէ մի պաշտոնի, որեւէ ակնկալիքի․ «Որովհետեւ կողքից տեսել եմ, թե անվտանգության, բանակաշինության խնդիրներում ինչպիսի բացթողումներ ունեն, ինչպիսի բացթողումներ ունեն պետական եւ ռազմական կառավարման համակարգում»։
Օհանյանն ասաց, որ անձամբ է Նիկոլ Փաշինյանին ասել այդ ամենը, սակայն իր առաջարկները չեն ընդունել․ «44-օրյա պատերազմի ժամանակ երկու օր անընդմեջ եղել եմ ՊՆ-ում, փորձել եմ հանդիպել ղեկավարության հետ, չեն ընդունել ինձ, ստիպված մեկնել եմ Արցախ: 2020-ի սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն արդեն եղել եմ Արցախում: Ուղիղ 40 օր ինչ ասել են, 59 տարեկան հասակում ես փորձել եմ կատարել, փորձել եմ տարբեր առաջարկություններ անել, հուշել եմ, որ պետք է մոբիլիզացիա կատարվի, նաեւ մարտավարական օղակի հուշումներ եմ կատարել, սակայն իմ առաջարկները ոչ ոք չի ընդունել: Երրորդը, 2020-ի օգոստոսի 2-ից ԱԺ-ում ենք, եւ ԱԺ-ում անընդհատ արտաքին հարաբերությունների, բանակաշինության, անվտանգության խնդիրների, վերաբերյալ տարբեր առաջարկություններ ենք արել, որոնք այսօրվա իշխանությունները չեն ընդունում: Դրանից ավել ինչպե՞ս կարելի է ընդառաջ գնալ այս իշխանություններին եւ ասել՝ բերեք, մեր այսօրվա Հայաստանի օրակարգը քննարկենք: Այսօրվա ՀՀ իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից դուրս»։
Ըստ Օհանյանի՝ իշխանության համար գերակայությունը ոչ թե սահմաններն են, անվտանգությունն է, այլ թաքուն բանակցություններ վարելն է թշնամու հետ, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը․ «Իրենց համար Երեւանում ոստիկանական զորքերն ուռճացնելն է, իրենց աթոռը, կներեք, իրենց քամակը պահելն է: Նրանք ամբողջությամբ բաց են թողել սահմանները: Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք իր կողքին կանգենք ու տեսնենք, թե ինքն ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, գնանք մաս կազմենք Հայաստանը հանձնելո՞ւն»։
Կարդացեք նաև
Թե ինչ լուծումներ կան, Օհանյանը չցանկացավ խոսել, ասաց՝ ապագայի համար լուծումներ կարող են լինել նախ՝ բանակցողին փոխելն է, հետո՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը։
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ․ Գ․ ՀԱԿ իրավական հանձնախմբի ղեկավար Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՆ նախկին նախարարին․ «Այսօր Եռաբլուրում անդրադառնալով Լևոն Տեր –Պետրոսյանի այն առաջարկին, որ ընդդիմությունը ստեղծված իրավիճակում պետք է իշխանության հետ երկխոսի և համատեղ լուծումներ գտնի, Օհանյանը ասել է․«Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն»։
Դուք Հայաստանը ու Արցախը հանձնելու մաս չեք, դուք էդ գործի քավորն եք, Նիկոլը ազգակործան պատուհաս դարձավ, որ չտեսավ ձեր արածը, թողածը, դուք ձեր դղյակները փոխել եք Արցախի ու Հայաստանի հետ, հիմա կանգնել տալ չտալուց եք խոսում․․․
Հ.Գ. տղա եք, գնացեք մի տվեք, ոչ թե սպասեք, որ Նիկոլը տա, դուք էլ Հայաստանը (կեսը, կեսի կեսը) դարձնեք Լուգանսկի պես մի հատ պալիգոն, դու էլ պալիգոնչիստ շարքային»։