Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան․ «Մենք կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ»

Սեպտեմբեր 27,2022 14:45

«Փաստ է, որ Հայաստանի հանրապետությունը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում, եւ այդ վիճակում հենց այնպես չի հայտնվել։ Մեր նորօրյա պատմության ընթացքում մենք հպարտացել ենք մեր անկախ պետությամբ, ինքիիշխանությամբ, ազատությամբ, Արցախի ազատությամբ, ազատագրմամբ, ու պետականաշինությամբ։ Բայց այս վերջին տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ՝ բանակցային գործընթացը։ 30 տարիների կատարած քրտնաջան աշխատանքը բերել էր բանակցային ներուժի ձեւավորման, որի վրա հենվելով՝ մենք կարող էինք շարունակել մեր պատմությունը՝ ե՛ւ անվտանգություն, ե՛ւ արտաքին հարաբերություններ։ Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի»,-այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այսօր 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է։

«Զոհերի զգալի մասը կարող էր չլիներ՝ եթե պետությունը թիկունք կանգներ բանակին, եթե ապահովեր անվտանգություն, ապահովեր մարտական գործողությունների խորքում ինժեներական սարքավորումներ, կահավորեր պաշտպանական բնագծերը։ Եվ երկրորդը՝ մենք կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ ցավն այն է, որ մեծ թվով զոհերի դեպքում պարտվել ենք․ «Այս իշխանությունները այս պարտությունից հետո ամբողջությամբ տապալել են արտաքին քաղաքականությունը, տապալել են պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը, պետական կառավարումը: Հետպատերազմյան տարիներին անհաջողությունների գործընթացները շարունակական են դարձրել: Այս պայմաններում նոյեմբերի 9-ի եւ մնացած այլ փաստաթղթերը փաստացի կնիքն են նրա, ինչ այսօրվա իշխանությունները կատարել են։ Այս իշխանություններն են, որ գտնվում են ճնշման, պարտադրման ներքո։ Առաջին ամենակարեւոր պայմանը այս վիճակից դուրս գալու համար պետք է փոխել իշխանությունը, գա իշխանություն, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել, եւ մեր ներքին ազգային երաշխիքները ձեւավորել՝ բանակաշինություն, ներքին ամրապնդում եւ այլն: Արտաքին քաղաքականության մեջ փաստ է, որ պարտված իշխանությունը ճնշման ներքո է գտնվում, մեր բանակցողը մշտապես ճնշման ներքո է եւ այս պարագայում ամենակարեւոր խնդիրը բանակցողին փոխելն է»։

Ինչ վերաբերում է 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում արած հայտարարությանը՝ բանակցողը եթե փոխվի էլ, դա էական ոչինչ չի տալու, քանի որ վիճակը ծանրագույն է, Օհանյանն այսպես արձագանքեց. «Այն, որ իրավիճակը ծանրագույն է, հասկանալի է: Դե եկեք հանդուրժեք, նայենք, թե այս իշխանությունները ոնց են ամեն ինչ տանում մեր ինքնիշխանության, անկախության վերջնական փլուզման»:

Նա նշեց՝ փաստ է, որ քանի անգամ 2021-ից հետո Ադրբեջանը դիմել է սադրանքների, քանի անգամ են հայկական բանակի զինծառայողները հայտնվել շատ դժվարին իրավիճակում եւ քանի անգամ է ընդդիմությունն այս իշխանություններին հուշել, որ այսօրվա օրակարգն անվտանգության խնդիրներն են․ «Եվ մինչեւ սեպտեմբերի 13-ն էլ իրենք մատը մատին չեն խփել, որպեսզի զբաղվեն մեր անվտանգության խնդիրներով։ Բերեք սպասենք, իր ասելով, որ նույնիսկ փոխվի էլ․․․ այդպես չէ։ Կգան մարդիկ, իսկ ես գիտեմ, որ հայ ժողովուրդն ունակ է իշխանության բերել մարդկանց, որոնք ունեն ամուր բռունցք, կամք բանակցելու եւ կարող են այս անելանելի վիճակից դուրս գալ»

Թե ում է տեսնում այդ դերում, Օհանյանը անուն չտվեց։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930