Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաշվարկ և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ՝ Չարենցավանի, Բերդի և Ալավերդու ընտրատեղամասերում

Սեպտեմբեր 27,2022 14:07

Ժամը 14.00-ից սկսած՝ ընտրական հանձնաժողովներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունների հետ կապված վերահաշվարկների աշխատանքները:

Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 19 դիմումներ են ստացվել 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 13 տեղամասերում և թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 6 տեղամասերում: Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մեկ դիմում վեց տեղամասի հետ կապված ստացվել է Լոռիում՝ Ալավերդի քաղաքի ընտրությունների հետ կապված: Օրենքով նախատեսված են հստակ ժամկետներ, որոնց ընթացքում դիմումները կուսումնասիրվեն, որոշումներ կկայացվեն, տեղամասային գրանցամատյանները կուսումնասիրվեն և արդեն ընտրությունների յոթերորդ օրը կամփոփվեն ՏԻՄ ընտրությունների արդյունքները»:

Մեր դիտարկմանը՝ վերահաշվարկի դիմումներ և ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում են ստացվել Ալավերդիում, Չարենցավանում, Բերդում անցկացված ընտրությունների արդյունքների հետ կապված, այս պատկերն ինչպե՞ս կգնահատի, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Օրենսդրությունը սահմանում է հստակ հնարավորություն վստահված անձանց, թեկնածուների, հանձնաժողովների անդամների համար ներկայացնելու վերահաշվարկ իրականացնելու դիմումներ: Մեր օրենսդրությամբ կա մի քանի դիմումի տեսակ՝ վերահաշվարկի դիմում, այլ անձի փոխարեն քվեարկության վերաբերյալ դիմում, տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում, սրան գումարած նաև օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն՝ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ ընտրատեղամասերի թիվը մեծ է 10-ից, երեք տեղամասում, որտեղ փոքր է 10-ից, 1 տեղամասում հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ պարտավոր են վերահաշվարկ անել: Եթե նույնիսկ դիմում էլ չունենան, նրանք պարտավոր են վիճակահանությամբ ընտրել տեղամաս և իրականացնել վերահաշվարկ: Օրենսդրությունը չի նախատեսում վերահաշվարկի դիմումները հիմնավորելու համար հիմք: Նշված դիմումները բավարար են վերահաշվարկ անելու համար»:

Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ յուրաքանչյուր օրվա ավարտին ընտրատարածքային հանձնաժողովները կամփոփեն արդյունքները: Վերահաշվարկի համար նախատեսվում է երկուսուկես օր:

Մեր փաստմանը՝ սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներով էլ, ինչպես նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, շատ համայնքներում գուցե կոալիցիաների կազմումից հետո ստացվի այնպես, որ ամենաշատ ձայներ հավաքած ուժի թեկնածուն չդառնա համայնքի ղեկավար և հարցին՝ դա ընդունելի՞ է իր համար, չի՞ կարծում, որ պետք է որոշ վերանայումներ կատարել, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «ՀՀ օրենսդրությունը նախատեսում է որոշակի մոտեցում, որի համաձայն, եթե ուժը ստանում է մանդատների մեծամասնություն՝ ընդհանուր մանդատների թվի հիսուն տոկոսից ավելին, ապա տվյալ կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչը դառնում է համայնքի ղեկավար, եթե որևէ մեկը չի հաղթահարել այդ շեմը, ապա սկսում է աշխատել կոալիցիաների մեխանիզմը. այսինքն՝ քվեարկությամբ որոշել, թե ով է ղեկավարելու համայնքը: Մեխանիզմ է, որն ամրագրված է ոչ միայն մեր, այլև բազմաթիվ երկրների օրենսդրությամբ: Համամասնական ընտրակարգի պայմաններում այդպիսին է: Դրա համար էլ օրենսդրությունն առանձնացրել է, որ եթե կեսից ավելիի կարծիքն այնպիսին է, որ համընկնում է, ապա այդ դեպքում միանգամից ընտրվում է այն ուժի ներկայացուցիչը, որը ստացել է կեսից ավելի ձայներ: Եթե այլ կերպ են բաշխվում ձայները, ապա շատ ձայներ ունենալու պարագայում միանգամից քաղաքապետ չի դառնում թեկնածուն, այլ պետք է որոշակի մեծամասնություն ստանա, որ կարողանա քաղաքապետ ընտրվել: Օրենսդրական մոդել է, որը կիրառվում է, իսկ թե ինչու է այդ մոդելն ընտրվել, մեր իրավասության տիրույթում չէ: Սա բազմաթիվ երկրներում կիրառվում է, որովհետև ուղղակի շատ դժվար է այս պարագայում գտնել այլ լուծում, որը կկարողանա փոխարինել այդ իրավիճակներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930