Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի Խաչերի 5 հասցեում փեսան կոտրում է տան իրերը, և որ նա զինված է։
Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։
Մարզի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները սկսում են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն այդ տղամարդը չի ենթարկվում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետում է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով նռնակը պայթում է և տան որոշ հատվածների պատճառվում է վնաս։
Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են այդ տղամարդուն և տեղափոխում ոստիկանության Սևանի բաժին։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հ. Խ-ն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել իր ծառայության դիքերից։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու նաև՝ ինչ տեսակի նռնակ է եղել։
Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղել են աներն ու ընտանիքի անդամները։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: