Ուղիղ երկու տարի առաջ, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, սահմանի բոլոր ուղղություններով լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, օգտագործելով իր ռազմական ողջ ներուժը:
Պատերազմի ձեռքը վայրկյաններ անց հասավ մյուս բնակավայրերին, եւ երկրում, նախագահի հրամանով, զորահավաք հայտարարվեց: Տղերքն արագ մեկնեցին առաջնագիծ՝ միանալով կամավորական խմբերին ու այնտեղ կռվող դիրքապահ զինվորներին: Պաշտպանության բանակը, որ ծննդյան օրից երբեւէ պարտություն չի կրել, անձնուրաց էր մարտնչում թուրքական բանակի դեմ՝ իրագործելով հերոսության եւ սխրանքի բազում օրինակներ: Սակայն մեր զինուժին թվային եւ ռազմական տեխնիկայի առումով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի բանակը կարողացավ ճեղքել պաշտպանությունը եւ որոշակի առաջխաղացում ունեցավ շփման գծի որոշ հատվածներում: Դրան բացառապես նպաստեցին թուրքական կործանիչ գիշանգղների եւ անօդաչուների, մասնավորապես «Բայրաքթարների» հարվածները՝ ՊԲ թիրախավորված օբյեկտներին եւ առաջնագծում դիրքեր պահող զինվորական խմբերին, ինչի պատճառով մեծաթիվ կորուստներ ունեցանք:
Պատերազմից երկու տարի անց անորոշության շղարշով են պատված մնում պարտության մի շարք դրվագներ, որոնք հիմնականում «ուրվագծվել» են նահանջի հետեւանքով: Դժվար է վերծանել, թե ինչու, ինչ հանգամանքներում ընկան Դիզակն ու բերդաքաղաք Շուշին, Արցախի մյուս բնակավայրերը, ինչու հազարավոր հայ քաղաքացիներ տեղահանվեցին սեփական օջախներից ու նման դաժան ճակատագրի դատապարտվեցին: Հավանաբար, կգա ժամանակը, եւ այդ հարցերի պատասխանը ստանալու հնարավորություն կունենանք: Միեւնույն ժամանակ, պարտության համար ինքներս մեզ մեղադրելով, ինքներս մեր դեմ ընդվզելով՝ փորձում ենք սթափվել մղձավանջից եւ վիրավոր մեր երկրի ցավերը բուժել, լույսի շող որոնել ողբերգական իրավիճակը փոխելու, Արցախի ապագայի նկատմամբ միմյանց լավատեսություն ներշնչելու, միաբանվելու եւ հայրենիքը շենացնելու համար:
44-օրյա պատերազմից երկու տարի է անցել: Ի՞նչ է փոխվել Արցախում: Երկրում ապրող բնակչությունն անվտանգության ինչ երաշխիքներ ունի: Ի՞նչ է ենթադրում իր նախկին ձեւաչափը վերականգնած ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արցախյան հիմնախնդրի խաղաղ, համապարփակ կարգավորմանը միտված գործունեությունը: Վերջապես ե՞րբ եւ ինչպիսի՞ կարգավիճակ կտրամադրվի ժողովրդին: Այսօր այս խնդիրների պատասխանը ստանալու մտահոգությամբ է ապրում եւ արարում յուրաքանչյուր արցախցի: Արդյոք կերկարաձգվի՞ ռուս խաղաղապահ առաքելության մանդատը, թե՞ նրանց «միջազգային այլ խաղաղապահ ուժեր» կփոխարինեն: Երբ եւ ինչպիսի հանգուցալուծմամբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, եւ այն ինչ ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրում: Դժվար է որեւէ ենթադրություն անել: Մի բան, սակայն, ակնհայտ է: Ինչ էլ, որ լինի, արցախցին իր դարավոր հողը լքողը չէ: Շարունակելու է ապրել եւ մաքառել, պայքարել իր իրավունքների համար:
Կարդացեք նաև
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: