«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգները մեծապես հիասթափված է ուժի կիրառմամբ սահմանները փոխելու փորձի կապակցությամբ, և այս դեպքում խոսքը Ադրբեջանի կողմից ուժի կիրառման մասին է, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում շեշտել է ԱՄՆ սենատոր, Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի նախագահ (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) Բեն Քարդինն՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը:
«Մենք չափազանց մտահոգված ենք այս առիթով և արտահայտվել ենք՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը կհարգի այս խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու իրավունքը, այլ ոչ թե ուժի կիրառմամբ»,- ասել է սենատորը Քարդինը:
Ամերիկացի սենատորի կարծիքով՝ հնարավոր է անցկացնել բովանդակալից քննարկումներ այս հարցի շուրջ, թե ինչպես կարգավորել երկարատև այս հակամարտությունը, սակայն ռազմական գործողությունները խոչընդոտում են խաղաղ բանակցային գործընթացը:
«Առկա են չափազանց դժվար հանգամանքներ, սակայն որևէ կերպ չի օգնում այն հանգամանքը, երբ մի կողմը, որը կարծում է, որ ունի ռազմական առավելություն, փորձում է կիրառել դա այն ձևով, որն էլ ավելի է դժվարացնում բանակցությունները»,- ասում է սենատոր Քարդինը:
Իր հերթին ԱՄՆ կոնգրեսական, հայկական հանձնախմբի անդամ Ջուդի Չուն, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ընդհարումները որակում է ագրեսիայի դրսևորում Ադրբեջանի կողմից:
Կարդացեք նաև
«Սա ակնհայտորեն ագրեսիայի գործողություն էր, և Միացյալ Նահանգները պետք է հստակորեն դեմ հանդես գա այս բռնությանը հանուն ժողովրդավարության, ինքնորոշման և խաղաղության»,- ասում է դեմոկրատ կոնգրեսականը:
Այդ համատեքստում, կոնգրեսականը չափազանց կարևորում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան:
«Նա ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով երբևէ այցելել է Հայաստան և կոչ արել վերջ տալ այս բռնությանը: Այս հարցը գտնվել է ուշադրության կենտրոնում, և կարծում եմ, որ այն համահունչ է պետքարտուղար Բլիքկենի գործունեությանը, որը ներգրավվեց՝ կողմերին ստիպելով առաջնորդվել դեպի խաղաղություն»,- ասում է նա:
Կոնգրեսականի կարծիքով՝ այսօր ամենակարևոր հարցերից է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրման դադարեցումը, ինչպես նաև այն, որ ԱՄՆ վարչակազմը հստակորեն հայտնի, որ հետագա լարվածությունը կհանգեցնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցների։
«Ես գտնում եմ, որ Հայաստանին պետք է օգնել իր պաշտպանության և անվտանգության հարցում, և դա սկսվում է նրանից, որ ընդհանրապես դադարեցվի ռազմական կամ որևէ այլ օգնության տրամադրում Ադրբեջանին: Բացի այդ, նրանք, ովքեր օգնում են Ադրբեջանին իրականացնել ագրեսիա ևս պետք է զրկվեն օգնություն ստանալուց, և նրանց թվում է Թուրքիան»,- հայտարարում է կոնգրեսական Չուն:
Ջուդի Չուն կարևորում է կոնգրեական Ադամ Շիֆի կողմից առաջ քաշած և ավելի քան 30 կոնգրեսականների, այդ թվում իր աջակցությունը ստացած թիվ 1351 բանաձևի ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Հայաստանի: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ վստահ լինելու համար, որ հայ ժողովուրդը պաշտպանում է իր իրավունքները, շեշտում է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ