ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում կրկնել է կոչն Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել նախնական դիրքեր:
«Մեզ և, մասնավորապես, պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին հանդիպեցնել: Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ, բայց սա երկու նախարարների միջև առաջին դեմառդեմ հանդիպումն էր բռնության վերջին բռնկումից հետո։
Պետքարտուղարը երկու ղեկավարների համար նշել է հրադադար պահպանելու, հանգստություն պահպանելու կարևորությունը, ասել է, որ մենք հավատարիմ ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարների համար հստակեցրինք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել դրան՝ աջակցել երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, գործընկերների հետ: Դա ներառում է նաև մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ առաջնորդներին հանդիպեցնելու ջանքերին:
Նրանք այդ հանդիպման ընթացքում քննարկել են առաջընթացի լավագույն ուղին, և քարտուղարն առաջարկել է կողմերին մտքեր փոխանակել, թե ինչպես բովանդակալից առաջ տանել խաղաղ գործընթացը մինչև ամսվա վերջ:
Կարդացեք նաև
Մեր ուղերձը ժամանակի ընթացքում հետևողական է. մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերը իրենց սկզբնական դիրքեր: Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել՝ խաղաղ բանակցությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է: Մենք դա առանձնազրույցներում հստակեցրել ենք: Մենք դա նաև հրապարակայնորեն ենք ասել, և մենք ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, ներառյալ բարձր մակարդակով, ներառյալ անցյալ շաբաթ Նյու Յորքում երկու երկրների հետ, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը և կխրախուսենք աշխատանքը, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»:
Հարցին, թե արդյոք կա հստակություն որտեղ և երբ կրկին կարող են հանդիպել արտգործնախարարները, Փրայսն ասել է. «Դա երկու երկրների որոշելիքն է, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջականորեն շարունակվող ներգրավվածությունը ոչ միայն բխում է նրանց, այլև տարածաշրջանի շահերից և դրանից դուրս: Մենք առաջարկել ենք օգնել կրկին երկկողմ, եռակողմ, բազմակողմ ձևաչափերով, և իհարկե ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում»:
Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պարբերական կապը երկու կողմերի հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ