44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն, ինչպես արդեն հայտարարել էին, երեկ ժամը 23։00-ից «Եռաբլուրում» էին, որպեսզի թույլ չտային վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության ներկայացուցիչներին այցելել «Եռաբլուր»։
Երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» իր աղբյուրին հղում անելով՝ գրել էր, որ կառավարության անդամները չեն այցելի «Եռաբլուր» պանթեոն՝ իրավիճակն առավել չբորբոքելու համար, քանի որ սադրանքներ են նախապատրաստվում։
Սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան, երբ ծնողները «Եռաբլուրում» էին եւ փորձում էին թույլ չտալ Փաշինյանը «Եռաբլուր» մտնի, քանի որ, իրենց կարծիքով, Փաշինյանն է մեղավոր իրենց որդիների մահվան համար, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով՝ ծնողներին հեռացրեց տարածքից։
Այսօր 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցն է, եւ նախատեսվում էր պաշտոնատար անձանց այց զինվորական պանթեոն, ինչպես նաեւ նախատեսվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այց։
Կարդացեք նաև
«Եռաբլուրում» են մի խումբ հանրապետականներ, նրանք սպասում են 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ամբողջ գիշեր այստեղ են անցկացրել, որեւէ սադրանք չի եղել․ «Իրենք նախօրոք հայտարարել էին, որ չեն գալու՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ սադրանքներից խուսափելու եւ լարվածությունը թուլացնելու համար: Եթե այդ ամենը գիտակցում էին, սեպտեմբերի 21-ին մենք մի քանի անգամ խնդրեցինք՝ մի՛ մոտեցեք: Մի 50 ծնողի դիմաց բերել էին հազարից ավելի ոստիկաններ: Այդ ժամանակ մենք իրենց հորդորեցինք, որ չմոտենան, չանեն այդ արարողությունը։ Չլսեցին: Տեսանք՝ ինչ եղավ: Հիմա տեսնելով, որ մեր կոչով բազմահազար մարդիկ եկան այստեղ, արդեն իրենք խուսափեցին գալ։ Երեւի իրենք ուզում էին ասել՝ մեր դեմ փակ դռներ չկան՝ առանց գիտակցելու, որ ծնողների վրայով անցնելը փակ դուռ չէ: Մենք ասացինք, որ սա կարմիր գիծ է, բայց իրենք անցան այդ կարմիր գիծը: Դրա համար մենք այս անգամ ավելիին էինք պատրաստ եւ անհամբեր սպասում էինք իրենց: Մի քանի պատգամավորներ ասել էին՝ գնանք, տեսնեք՝ ո՞ր ծնողն է մեր դեմը կանգնում: Մենք ոչ մեկի դեմ չենք կանգնում: Մենք ամբողջ հայ ժողովրդին ասում ենք՝ եկեք, սա համայն հայությանն է, սրբավայր է, բոլորը պարտավոր են գալ, խոնարհվել: Մենք միայն ասում ենք, որ Հայաստանում գտնվող թուրքերը չգան, մտնեն Եռաբլու»: Շատերը ուզում են ծնողներին իրար դեմ հանելով ասել՝ մեր տղաներն էլ են այստեղ: Եկեք ձեր տղաների մոտ, ոչ մեկը ձեզ չի արգելում, բայց չենք ուզում շոուի համար գան: Մեր տղաներին սպանել է այս իշխանությունը, իրենք գալիս են ի՞նչ անեն, ուրախանա՞ն: Մենք նոր փոսեր ենք տեսնում օրական»։
Ռոստոմյանը խոսելով խաղաղության դարաշրջան բացելու իշխանության նպատակի մասին, ասաց, որ բոլորն էլ կողմ են խաղաղությանը, բայց խաղաղությունը չպետք է լինի միակողմանի․ «Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, իսկ այսօրվա իշխանությունները արժանապատիվ խաղաղության չեն գնում: Վերջերս Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ 29 800 քառակուսի կմ-ի համար են պայքարում, այն էլ քարտեզ է խնդրում Իլհամ Ալիեւից: Այս պայմաններում խաղաղություն չէր կարող լինել»:
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ