Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կընկնի Ռուսաստանի ձեռքը․ դրա համար էլ մեր ձեռքերն ինչ-որ առումով կապված են»․ ԱՄՆ Կոնգրեսական

Սեպտեմբեր 26,2022 23:40

«Մեր՝ կոնգրեսականներիս հեղինակած բանաձևերը կարևոր են, քանի որ դրանք առանձնահատուկ են և հստակ, խիստ ուղերձ են հղում Ադրբեջանին։ Դրանից բացի ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ ԱՄՆ դաշնային  կառավարությունը պատրաստ է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել, բայց մենք չենք կարող Հայաստանին զենք տրամադրել, որը կընկնի Ռուսաստանի ձեռքը։ Ուստի դրա համար էլ մեր ձեռքերն ինչ-որ առումով կապված են»,- Ամերիկայի hայկական hամագումարի նախաձեռնությամբ անցկացված առցանց հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիրը։

Նա բերեց Ուկրաինայի օրինակը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը ևս կգնա այդ երկրի ճանապարհով և «հակահարված կտա Ռուսաստանին»։

Հայկական արմատներով Ջեքի Սփիրը փաստեց՝ Հայաստանը համարում է հայրենիք և նշեց՝ չեմ ուզում, որ այն կրկին Խորհրդային Միության ժամանակներ վերադառնա։

Հարցին՝ ի՞նչ կարող է ԱՄՆ-ն անել, որպեսզի կանխի Ադրբեջանին տրվող սպառազինությունը, կոնգրեսականը հուսով նշեց, որ հաշվի առնելով նաև 907-րդ բանաձևը՝ շուտով Ադրբեջանին այլևս ֆինանսավորում չի տրամադրվի։ Մինչդեռ ՀՀ-ին տրվող աջակցությունն աճել է՝ 45 միլիոն դոլարից դառնալով 60 միլիոն։

Պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հարցերին՝ Ջեքի Սփիրն ասաց․ «Եկեք արձանագրենք, որ տասնամյակներ անց ընդունվեց բանաձևը, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը վերջապես օգտագործեց ցեղասպանություն բառը։ Իմ կարծիքով՝ այժմ Թուրքիան ունի ԱՄՆ-ի հետ շատ անկայուն հարաբերություններ։ Նա ՆԱՏՕ-ի անդամ է, բայց կարծում եմ, որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ հիմա ավելի թույլ են, քան նախկինում։ Բայց մեր նպատակն է պաշտպանել Հայաստանը։ Եթե Թուրքիան անում է  ինչ-որ բան Հայաստանին վնասելու համար, այդ դեպքում մենք պետք է արձագանքենք։ Եթե Ադրբեջանը վնասում է Հայաստանին, մենք պետք է արձագանքենք։ Ավելի շատ պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ինչպես Հայաստանին դարձնել մի երկիր, որը կարող է ինքն իրեն պաշտպանել։ Պետք է փոքր երկրները փորձեն գտնել իրենք իրենց պաշտպանելու ճանապարհներ։ Օրինակ՝ Իսրայելն է դա արել։ Ես կարծում էի, որ Հայաստանն է ուզում, որ ՌԴ-ն լինի իր պաշտպանը, բայց հիմա կա այն գիտակցումը, որ ավելի շատ ՌԴ-ն է դա ուզում, քան Հայաստանը։ Փաստորեն ՀԱՊԿ-ն էլ չարձագանքեց։ Կարծում եմ՝ մենք պետք է կենտրոնանանք ուժեղ, պաշտպանված և ժողովրդավար Հայաստան ունենալու մտքի վրա բռնատիրական երկրների հարևանությամբ։ Մենք պատրաստ ենք ռազմական աջակցություն տրամադրել ՀՀ-ին, եթե կարիքը լինի, բայց մենք այնտեղ չունենք զորքեր։ Մենք պետք է այսպես ասած կառուցենք պաշտպանություն ՀՀ-ում»։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»․ Ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են Հայաստանի պաշտպանության նպատակով ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունը։ Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերում տարածված հայտարարության մեջ։

«1991 թվականին Հայաստանի վերածննդից հետո առաջին անգամ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոնգրեսի ճնշման ներքո, դիտարկում են ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Հայաստանին Ադրբեջանի շարունակվող (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից եւ էթնիկ զտումներից պաշտպանելու նպատակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930