Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կառավարությունն ընդունում է, որ այլևս չեն կարող հենվել ՌԴ-ի վրա Հայաստանի անվտանգության հարցերով»․ ԱՄՆ կոնգրեսական

Սեպտեմբեր 26,2022 22:55

«Կարելի է ասել նոն-ստոպ՝ առանց դադարի հանդիպումներ ենք ունեցել Հայաստանում»,-Ամերիկայի hայկական hամագումարի նախաձեռնությամբ անցկացված առցանց հանդիպման ժամանակ Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիրը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ից ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև Ջեքի Սփիրը։

Նա հիշեց, որ երբ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո դուրս են եկել, մարդիկ Երևանում իրենց էին ժպտում, ծածանվում ԱՄՆ-ի և ՀՀ-ի դրոշները։ Հայկական արմատներով կոնգրեսականը հիշեց․ «Մի ծեր կին նայեց մեզ ու ասաց՝ խնդրում եմ, պաշտպանեք Հայաստանը։ Սա իրականում մեր առաքելությունն է։ Հայկական սփյուռքի 40 տոկոսն ապրում է Կալիֆորնիայում։ Մեր յուրաքանչյուրի առաքելությունն է պահպանել Հայաստանը։ ՀՀ կառավարությունն ընդունում է, որ այլևս չեն կարող հենվել Ռուասաստանի վրա Հայաստանի անվտանգության հարցերով, և Հայաստանի համար ժամանակն է լինել անկախ ժողովրդավարություն և ինչպես նախկին շատ ԽՍՀՄ երկրներ, օրինակ՝ Վրաստանը, Լատվիան, Էստոնիան, լինել անկախ։ Լինել անկախ, նշանակում է կապերը կտրել Ռուսաստանից և նայել դեպի Արևմուտք»։

Ջեքի Սփիրը կարևորեց և արդյունավետ համարեց ՀՀ ՊՆ  նախարարի հետ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել իրենց այցելությունից երկու շաբաթ առաջ և որպես արդյունք այդ հանդիպումների՝ իրենց են ներկայացվել առաջարկներ, որոնք Կոնգրեսը դիտարկում է։ Այս առիթով կոնգրեսականն ասաց․ «Այժմ մենք քննարկում ենք այդ առաջարկությունները, որպեսզի հասկանանք՝ ինչպես կարող ենք օգնել մեր հայրենիքին։ Սա առողջ քայլ կլինի Հայաստանի համար դեպի Արևմուտք ուղղվելը, և դա թույլ կտա ԱՄՆ-ին առաջանցիկ լինել ռեսուրսների առումով»։

Ջեքի Սփիրը շեշտեց՝ Ադրբեջանի՝ հարձակումից, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումից հետո ներկայացուցիչների պալատի խոսնակը եկավ Հայաստան և իր այցելությունը չհետաձգեց։ Ու նշեց․ «Դա ցույց է տալիս մեր պատրաստակամությունը։ Շատ կարևոր է Ադամ Շիֆի ներկայացրած 1351 բանաձևը, որի համահեղինակն եմ ես, որը դատապարտում է Ադրբեջանին ՀՀ տարածք ներխուժման համար և պահանջում, որ նրանք հետ քաշվեն այն տարածքներից, որոնք այժմ օկուպացրել են։ Այս բանաձևը սևով սպիտակի վրա գրում է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ կատարվել են պատերազմական հանցագործություններ՝ թիրախավորելով ռազմական նշանակության օբյեկտներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, քաղաքացիական անձանց։ Տեսանյութեր կան այն մասին,թե ինչպես է Ադրբեջանն իբր օգնություն ցուցաբերում հայ զինվորին, բայց հետո նրա մարմինը սպանված է վերադարձնում, ինչպես են խեղել կին զինծառայողների մարմինները։ Սրանք բոլորը պատերազմական հանցագործություններ են և պետք է քննության առարկա դառնան միջազգային դատարաններում։ ՄԱԿ-ի դատարանը պետք է դատապարտի դրանք, և մեր հեղինակած այս կոնկրետ բանաձևը ևս փորձ է կատարում դա անել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930