«Ա1+». Հայաստանն այս տարի չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ Այս մասին, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Սեպտեմբերի 22-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Ժամբիլի և Ալմաթիի մարզերում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ կանցկացվեն «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 20222» զորավարժությունները։
Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս տարի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է այդ զորավարժություններին, և Հայաստանից զորակազմ մեկնելո՞ւ է։
Ի պատասխան մեր հարցման՝ ՊՆ-ից հայտնել են․ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հայաստանն ունի զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Այս պահին հրադադար է, սակայն ՀՀ պաշտոնյաները խոսում են Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հնարավորության մասին։