«Մենք՝ ավագանու մեր յոթ անդամներով, պատասխանատու ենք լինելու ամեն ինչի համար, մեզ վստահված քվեները հենց այնպես չեն անցնելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Վրույր Այվազյանը:
Երեկ կայացած ավագանու ընտրություններում, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» այստեղ եվս հաղթել է: Համայնքապետի պաշտոնն այս համայնքում կստանձնի իշխող ուժի ընտրացուցակը գլխավորած Խաչիկ Վարդանյանը: Հաղթած ուժը կստանա ավագանու 8, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 7 մանդատ: 6208 ընտրողից այստեղ ընտրություններին մասնակցել է 3513 ընտրող, որից 1779-ը քվեն տվել է իշխող ուժին, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1731 քվե՝ ընդամենը 48 ձայնով տանուլ տալով համայնքապետի պաշտոնը:
Ընտրության նման արդյունքը, Վրույր Այվազյանի համար անակնկալ է եղել: «Բայց սա ժողովրդի ընտրությունն էր. ամեն ժողովուրդ արժանի է նրան՝ ինչ ունի, թող մենք սրա արժանին լինենք: Ինձ համար շատ կարեւոր է, որ տարբերակումներ չդրվեն՝ ընտրողներ-չընտրողներ, բոլորն ունենան հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»,-մեզ հետ զրույցում ասաց Վրույր Այվազյանը:
Հաղթած Խաչիկ Վարդանյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ